ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքները
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել են Արցախի և ՀՀ-ի շուրջ ներկա զարգացումները, այդ թվում՝ արդեն տասներորդ օրն Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակված լինելու հանգամանքը:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց.
«Այո, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես, Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները»: