«Բերձորում տեղի ունեցողի պատասխանատուն Կառավարության շենքում նստածն ու իր թիմն են». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելուն, նշեց՝ որքան էլ խնդիրը քննարկում են հումանիտար ճգնաժամի տեսանկյունից, պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին քաղաքական խնդիր է։
«Պետք է գիտակցել, որ սա առաջին հերթին անվտանգային խնդիր է, որովհետև եթե նույնիսկ միջանցքում երթևեկությունն անխափան վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։
Ցանկացած իրավիճակում, գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, անկախ այն հանգամանքից՝ այս պահին իշխանությանը Նիկո՞լն է, թե՞ Պողոսը։ Բացի այն, որ ստեղծված իրավիճակում կան ՀՀ իշխանությունների քաղաքական տապալման հետևանքները, որը երկիրը հասցրել է ողբերգական իրավիճակի, հենց այս հանգամանքով պայմանավորված, բնական է, որ Հայաստանի իշխանությունն ունի թիվ մեկ պատասխանատուի կարգավիճակ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այս ամենն առաջին հերթին անվտանգության ճգնաժամ է, և միջազգային կառույցների մոտ կարող են տեղի ունենալ տարբեր հավաքներ, բողոքի ակցիաներ։
«Բայց արդեն ասացի, որ գլխավոր պատասխանատվությունը Կառավարության շենքում նստածինն ու նրա քաղաքական թիմինն է»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում