Իշխանությունը ձեռքերը լվացել է

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են անտարբեր հետևել, թե ինչպես են ադրբեջանցի կեղծ բնապահպաններն արգելափակված պահում Գորիս-Ստեփականակերտ ճանապարհն ու Արցախի 120 հազար հայ բնակչությանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Արդեն իսկ կա սննդամթերքի տարբեր տեսակների, դեղորայքի, հեղուկ վառելիքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, առանձին դեպքերում վաճառքի սահմանափակումներ են կիրառվում։ Ապրանքներ չլինելու պատճառով սկսել են պարենային խանութներ փակվել։ Կա նաև կանխիկ դրամի պակաս։

Չնայած Արցախի իշխանությունները փորձում են մեղմել այս իրավիճակը, պարզ է, որ այդ հնարավորություններն անսահման չեն։ Ինչ-որ պահից սպառվելու են ներկրվող պարենային ու ոչ պարենային ապրանքների պաշարները, որոնց մատակարարումները մեկ շաբաթից ավել է, ինչ իսպառ դադարել են։

Հիշեցնենք, որ մինչև ճանապարհի արգելափակումը, օրական շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մտնում Արցախ։ Ճանապարհը փակվելուց հետո այդ ապրանքների մուտքը կասեցված է։

Ադրբեջանի իշխանությունները՝ կեղծ ահազանգերով, շարունակում են փակված պահել ճանապարհը։

Միջազգային հանրության ճնշումներն առայժմ արդյունք չեն տալիս։ Թեև այդ ճնշումները ստիպեցին վերականգնել Արցախի գազամատակարարումը, արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ՝ անհիմն մեղադրանքներով ու պատճառաբանություններով։

Հումանիտար խնդիրներն օդային փոխադրումների միջոցով լուծելու Արցախի իշխանությունների դիմումները միջազգային հանրությանն առայժմ անպատասխան են մնում։ Ոչ մեկը չի ուզում նման պատասխանատվություն վերցնել, չնայած 120 հազար մարդ մնացել է լիակատար շրջափակման մեջ։

Դա նշանակում է, որ հումանիտար խնդիրները գնալով սրվելու են։ Դեռ չհաշված այն կորուստները, որոնք կրում է Արցախի տնտեսությունը՝ թե՛ հումքի ու այլ պարագաների ներմուծման, և թե՛ արտահանումների տեսքով։

Ի վերջո, սա տնտեսության տարբեր ճյուղերում բերելու է շրջանառությունների, արտադրության ծավալների կրճատման կամ ուղղակի դադարեցման։

Մինչև ճանապարհի փակումը, Արցախի տնտեսությունը փորձում էր վերականգնվել պատերազմի ծանր հետևանքներից, շտկել մեջքը, հետ բերել կորուստները։

Այս տարի բավական բարձր աճի ակնկալիքներ կային։ Տնտեսության իրական աճը տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին անցնում էր 18 տոկոսից։ Արդյունաբերության մեջ աճը կազմել էր գրեթե 43 տոկոս։

Ի տարբերություն Հայաստանի, նույնիսկ գյուղատնտեսությունն էր աճ գրանցել։ Արտադրության ծավալներն ավելացել էին գրեթե 19 տոկոսով։ Նաև դրա շնորհիվ էր, որ Արցախում ավելի ցածր էր գնաճը։ Նոյեմբերին այն կազմեց 6,7 տոկոս, մինչդեռ Հայաստանում 9-10 տոկոս էր։

Սնուցող միակ ճանապարհը փակվելուց հետո, իհարկե, գնաճային ճնշումներն ուժեղացել են։ Մատակարարումների դադարեցումներն ու առաջացող դեֆիցիտը որոշ տեղերում հանգեցրել է նաև գների բարձրացման։ Իշխանությունները փորձում են օրենսդրության շրջանակներում կանխել արհեստական գնաճը։ Դա, անշուշտ, կունենա իր ազդեցությունը՝ գնաճի զսպման գործում, բայց պետք է հասկանալ, որ ի վերջո առանց մատակարարումների վերականգնման և առաջացած պահանջարկը բավարարելու, անհնարին է լինելու կասեցնել այդ պրոցեսը։

Տնտեսության մեջ ու ապրանքային շուկաներում առաջացող դեֆիցիտը մեծացրել է լարվածությունը նաև ֆինանսական շուկայում։ Առաջացել է կանխիկի դեֆիցիտ։

Այն, ինչ կատարվում է, ֆինանսական համակարգի շահերից չի բխում։ Ֆինանսական հատվածը շատ զգայուն է, առավել ևս՝ այսպիսի իրավիճակներում։

Կանխիկի դեֆիցիտը դրա ընդամենը մեկ օղակն է։ Եթե միջոցներ չձեռնարկվեն՝ ֆինանսական համակարգում շատ ավելի ծանր խնդիրներ կարող են առաջանալ։

Արցախում համընդհանուր ճգնաժամ է հասունանում, իր տխուր հետևանքներով, իսկ Հայաստանի իշխանությունները ձեռքերը ծալած մի կողմ են քաշվել։ Ամբողջ պատասխանատվությունը դրել են ռուս խաղաղապահների վրա ու դրանով իրենց գործը համարել են ավարտված։

Մոռացել են, որ այս ամենի մեղավորն իրենք են, իրենց արածի ու չարածի հետևանքով է, որ Արցախն ու Արցախի հայությունը, չհաշված Հայաստանն ու հայ ժողովուրդը, հայտնվել է այս վիճակում։ Հեշտ է մեղադրել ուրիշներին։ 30 տարի Արցախն այսպիսի խնդրի չէր բախվել։ Բերել-հասցրել են այս օրվան ու համարում են, որ խնդիրը ռուս խաղաղապահների, Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների դաշտում է, նրանք պետք է բանակցեն իրար հետ ու լուծումներ գտնեն։ Հայաստանն անելիք չունի այդ դաշտում։

Խաղաղության դարաշրջան էին բացում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այսպես է հայ ժողովուրդն Արցախում ու Հայաստանում վայելում խաղաղության բերկրանքը։

Եթե նույնիսկ վաղը հանվի Արցախի շրջափակումը, միևնույն է, դա չի կարող հուսալի լուծում լինել։ Դրանում արդեն մեկ անգամ համոզվեցինք. առաջին անգամ «բնապահպաները» բավարարվեցին ճանապարհը 3 ժամով փակելով։ Երկրորդ անգամ արդեն այն անհամեմատ ավելի երկար է ձգվում։ Օրերով արցախցին զրկված է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Եթե նույնիսկ վաղը ճանապարհը բացվի, դա երաշխիք չէ ապագայի համար։

Ցանկացած պահի՝ կեղծ ու շինծու պատճառաբանություններով Ադրբեջանի իշխանությունները կարող են մի քանի հարյուր «բնապահպան» հավաքել ու կրկին փակել ճանապարհը։

Հատկապես որ, այս ամենի նպատակը բոլորովին էլ «բնապահպանական» չէ։ Պարզապես դա օգտագործում են ավելի մեծ խնդիրներ լուծելու ու իրենց վաղեմի երազանքներն իրականություն դարձնելու համար։

Արցախը մեկ շաբաթից ավելի շրջափակման մեջ է, ու չնայած դժվարություններին՝ արցախցին, ի հեճուկս թշնամու, չի ընկճվում, չի թուլանում, չի տրտնջում, այլ համառորեն պայքարում է իր հողին կպած մնալու համար։ Բայց դա չի նշանակում, թե Հայաստանի իշխանությունները պետք է հանգիստ հետևեն այն ամենին, ինչ կատարվում է Արցախի շուրջ ու Արցախի 120 հազար հայ բնակչության հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս