«Նիկոլիզմը ինչքան շուտ վերանա հայ ժողովրդի միջից, այնքան շուտ ոտքի կկանգնենք». Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող արցախցիները չեն ընկճվում, ասում են՝ առանց լույս ու առանց գազ էլ կմնան, բայց երբեք չեն հրաժարվի իրենց նպատակներից՝ Արցախը հայկական պահել ու այնտեղ ապրել։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, նախ հանրությանը հարց տվեց՝ այսօր ի՞նչ են անում, 2020 թվականի պատերազմից հետո ի՞նչ են արել։

«Հայ ժողովրդին ի՞նչ է պետք, համերաշխություն, միասնություն և մեծ հավատ։ Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք մեզ խաբում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու զավակ ենք, քրիստոնյա ենք, հավատացյալ ենք, մենք մեզ խաբում ենք, մեր երեխաներին, մեր սերնդին խաբում ենք։ Հավատքից, Աստծուց հեռացել ենք։ Սպասում էի, որ պատերազմից հետո մեր ժողովուրդն այնքան իրար կսիրի, որ թշնամին կմնա զարմացած, բայց  այսօր մենք թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում։ Հպարտությունն է մեր մեջ խոսում, ինչպես Հայաստանի վարչապետն ասում էր՝ հպարտ հայեր, ինչո՞վ ենք հպարտ, հպարտություն թողե՞լ է, Նիկո՛լ, ժողովրդի մեջ հպարտ թողե՞լ ես, այս քաջ հայ ժողովրդի համար ի՞նչ ես արել, ի՞նչ վիճակում ես թողել։ Այսօր էլ խաբում է, թե մենք հաշտություն ենք կնքում թշնամու հետ, թշնամին մեզ կոտորում, ծնկի է բերում, իսկ մենք ասում ենք՝ հաշտություն։

50 հազար ազերի եկել ճանապարհ է փակել ու 120 հազար մարդու պահել է գերության մեջ, իսկ մեզ ասում են՝պիտի հաշտվեք։ Ով հավատում է նիկոլիզմին, նա թուրք է, ով հավատում է այսօրվա իշխանությանը՝ նա անաստված է, Աստծո զավակը չէ և Արցախի ժողովրդի թշնամին է»,- նշեց Տեր Հովհաննես Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի հաջողվում հայ ժողովրդին համախմբվել, ինչպես արեց 1988 թվականին, երբ կրկին Արցախը կորցնելու ճանապարհին էր, Տեր Հովհաննեսը պատասխանեց, որ միայն ու միայն նիկոլիզմի պատճառով է, որ հայ ժողովրդին չի հաջողվում համախմբվել։

«Բոլոր նախագահներին, զինվորներին, գեներալներին, հերոսներին ոտնակոխ արեցին, նույնիսկ եկեղեցին ժողովրդից բաժանեցին։ Պետություն-եկեղեցի հարաբերություններն այսօր ի՞նչ վիճակում են, թող թուրքերին տեսնեն, նրանք իրենց հոգևորականների մասին որևէ բառ ասո՞ւմ են՝ իհարկե չեն ասում։ Բայց այսօր Նիկոլին ծափահարում են, որ նա երկիրը տանում է կործանման, արդեն կործանվել է։ Բայց մենք հույս ունենք, եթե համախմբվենք, զենք վերցնենք, մեր տունը, հայրենիքը պաշտպանենք, այն ժամանակ դրսի պետությունները կկանգնեն մեր կողքին, միայն զենքով կա հայի փրկություն, և նիկոլիզմը ինչքան շուտ վերանա հայ ժողովրդի միջից, այնքան մենք շուտ կհաղթենք ու ոտքի կկանգնենք։ Լուսահոգի  գեներալ Սեյրան Սարոյանը գեղեցիկ բառ է ասել, ասում էր՝ մի հոգի Նիկոլ եկավ, բոլորին դարձրեց կուռկուռի ձագ։ Այսօր բոլորը կուռկուռի ձագ են դարձել նիկոլիզմի ու թշնամու առաջ»,- հավելեց Տեր Հովհաննեսը։

Եզրափակելով խոսակցությունը, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ասաց, որ այս ամենից դուրս գալու հույս կա, կրկնելով, որ նախ նիկոլիզմը պետք է վերանա հայ ժողովրդի միջից։

«Այն քաջ տղաները, հայորդիները, որոնք 1988 թվականից կռվել են՝ իրենց քաջությունը, բազկի ուժը ցույց կտան, ես դրան հավատում եմ և իմ ժողովրդի կողքին եմ, բայց նիկոլիզմը պետք է վերանա։ Սկզբում մեր միջից թշնամուն պետք է վերացնենք, հետո դիմացի թշնամուն»,- եզրափակեց քահանան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս