«Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում, ադրբեջանցիներն ամեն ինչի ընդունակ են». Շուշիի քաղաքապետ

Արցախի Հանրապետության՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ Բերձորն ու Քարվաճառը հանձնելուց առաջ, հայաստանյան իշխանությունը պետք է հասկանար, որ մի օր Արցախն ադրբեջանցիների կողմից ենթարկվելու է շրջափակման, ինչպես որ շրջափակված է դեկտեմբերի 12-ից։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բերձորի միջանցքում, մոնիտորինգի հետ որևէ կապ չունի, սա ուղղակի պատրվակ է, որպեսզի ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ գան ու ճանապարհը փակեն։ Իրենք այսպիսի շատ քայլերի են դիմելու, մեզ համար սպասելի էր, իսկ այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ այսպես աստիճանաբար հիասթափեցնեն, վախ առաջացնեն ժողովրդի մեջ, որ լքեն Արցախը, բայց նման բան չի լինելու։ Ադրբեջանցիներից ամեն ինչ եմ սպասում, ավելի վատ բաների են իրենք ընդունակ։

Ես 90-ականներին ուսանող էի, երբ գնացի Քարին տակ՝ անտառում ադրբեջանցիները ուզում էին ինձ առևանգեին, ես այդ ժամանակ ասել եմ, որ ադրբեջանցիները մարդ են գողանալու, և այդպես էլ եղել է։ Եկել են, հայ են սպանել, գողացել։ Ես շատ բան եմ տեսել, դրա համար էլ ասում եմ՝ ադրբեջանցիներն ամեն ինչի ընդունակ են»,- 168.amի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա, հայությունը պետք է համախմբվի, ինչպես 1988 թվականին, այլընտրանք չկա, պետք է միասնական լինի, Հայաստանն էլ տեր կանգնի Արցախին։

Կարդացեք նաև

«Լավ կլինի, որ ՔՊ-ական պատգամավորներն անիմաստ հայտարարություններ չտարածեն, թե՝ բա թող ռուսների հետ «պերեգավորներ» անեն, դրա փոխարեն՝ թող միասնական լինեն։ Թե չէ այսպես լույսն էլ, գազն էլ կկտրեն, Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե այսօր Ադրբեջանը փակել է Շուշիի տակ, եթե վաղն ուզի, ապա կփակի Բերդաձորի տակը։

«Բերձորն ու Քարվաճառը պետք է պահեին, եթե Հադրութն ու Շուշին տվել էին, պետք է պայման առաջ քաշեին, որ երկու շրջանները պահելու են։ Թուրքն ինչ ասել է, Հայաստանի իշխանությունը դեմը խոնարհվել ու արել է։ Պիտի հենց այդ ժամանակ պայման դնեին, ու գոնե Բերձորը չհանձնեին։ Ադրբեջանը լկտիացել է, բայց եթե  դրանց մոտ նույնիսկ երեխաների «ճայթուցիկներից» տրաքացնեն, կվախենան, կլռեն։ Այսօր ռուսն էլ է զուսպ, սադրանքների չի տրվում, որ դրանք չընդարձակվեն։ Գուցե մտածելով են այդ շրջանները հանձնել, չեմ տեսել մի բան արած լինեն, որ ի նպաստ հայի լինի։ Ինչ լինում է, Հայաստանի իշխանությունը թուրքի մասին է  խոսում, նշանակում է, որ նրանց ջրաղացին ջուր է լցնում։ Եթե այսպես շարունակվի, ապա շատ ավելի վատ բաների ենք ականատես լինելու։ Գոնե ԱԺ ամբիոնից նորմալ խոսեն, որ թուրքը չասի, թե՝ դեմներս չոքած են, ինչքան գլուխներս կախ պահենք, այնքան խփելու են»,- եզրափակեց Շուշիի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս