Ադրբեջանցի գեներալը խոստովանել է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ փոխգնդապետ է գերության մեջ սպանվել
2016-ին Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը «Հաքքինազին» տված հարցազրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմին և ուշագրավ հայտարարություն արել:
Նախ նա նշել է, որ մշակել էին հետախուզադիվերսիոն գործողությունների պլան, համաձայնացրել այն՝ իբր ի պատասխան հայկական կողմի հրադադարի խախտումների, և, որ շատ քիչ թվով մարդիկ են տիրապետել այդ փաստաթղթերին:
«Եվ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գեներալ Մայիս Բարխուդարովը զեկուցել է ղեկավարությանը, որ Լելե Թեփե բարձունքի համար մղվող մարտերի ժամանակ գերի է վերցվել հայ փոխգնդապետ Գրիգորյանը, նրա մոտ մարտական փաստաթղթեր են եղել: Ես այդ ժամանակ Ադրբեջանի ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալն էի, բացում ենք այդ մարտական փաստաթղթերը, քարտեզները, դրանցում նկարագրված էր հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Այսինքն, մենք հայերի հակառակորդն ենք, և այդ քարտեզներում ներկայացված էր մեր հետախուզադիվերսիոն գործողությունների երթուղին: Ով կարող էր այդ տվյալները տրամադրել այդ Գրիգորյանին, որ նա էլ կրակային իրավիճակ ստեղծեր մեր հետախուզադիվերսիոն խմբի երթուղիով և այն կետերով, որտեղ մերոնք պիտի դուրս գային: Այս փաստաթղթերը, քարտեզները մեր արխիվում է»,- շարունակել է ադրբեջանցի գեներալը և անդրադառնալով Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերում իրականացված պաշտոնանկություններին, ասել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտությունը և դրանից հետո առաջնագծում ադրբեջանական զինուժի ձախողումները ճգնաժամային իրավիճակ էր ստեղծել, ինչը կարող էր տարածվել ամբողջ բանակի վրա:
Փաստացի ադրբեջանցի գեներալն ընդունում է՝ գերության մեջ հայ փոխգնդապետ է սպանվել 2016-ին: Այլ հարց է, որ Էլբրուս Օրուջևը շփոթում է հայ փոխգնդապետի անունը և այդ ժամանակ զբաղեցրած պաշտոնը:
168.am–ի տեղեկություններով, իրականում խոսքն Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ռոման Պողոսյանի մասին է։
Այս համատեքստում հավելենք, որ քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն օգնության են հասել 112 դիրքի զինվորներին։ Ադրբեջանական բանակի դեմ մղած մարտական գործողությունների ընթացքում խմբի տղաները զոհվել են։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.
– թռիչքային քարտեզներ
– օդաչուի պլանշետը
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ:
Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի գեներալին, ապա երբ 2014-ին Էլբրուս Օրուջևին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշանակեց Ադրբեջանի ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, Ադրբեջանում այն դժգոհությունների ալիք բարձրացրեց, քանի որ նա մեղադրվել էր «Շուշին հայերին հանձնելու» մեջ:
Ավելին, փորձագետների կարծիքով, Զաքիր Հասանովի վերը նշված որոշումը հետևյալ բացատրությունն ուներ նաև, այն է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում էր պաշտոններ շնորհել Սաֆար Աբիևի հետ ժամանակին հակասություններ ունեցած, նրա ղեկավարման օրոք ՊՆ-ից հեռացված և հիմնականում արևմտամետ կողմնորոշում ունեցող զինվորականների՝ սեփական ազդեցությունը տարածելու և ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր հաստատելու նպատակներով։
Վերադառնալով Ապրիլյան պատերազմին, հարկ է անել մի արձանագրում ևս. հայկական կողմը Քառօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանում գերության մեջ մնացած և անհայտ կորած համարվող զինծառայող չի ունեցել և չունի։ Այսինքն, տեղի է ունեցել միայն սպանված հայ զինծառայողների մարմինների փոխանակում: