«Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք»
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք:
Հայերը որոշել են փորձարկել Բաքվի վճռականությունը: Բնապահպան ակտիվիստների բողոքը մեղմագույն ձևն է: Այս մասին հայտարարել է քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
«Եթե այդ ազդանշանը չհասնի Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել հանքը։ Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել: Ավելորդ է հիշեցնել, որ ղարաբաղցի հայերը էլեկտրաէներգիան և գազը Հայաստանից ստանում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարով։
Հուսով եմ, որ անջատողական ռեժիմի առաջնորդները ողջախոհություն կունենան լսելու էկոակտիվիստների բողոքները և դադարեցնելու հանքավայրերում ապօրինի արդյունահանումը։ Դժվար թե նրանց շահերից բխի հակամարտությունը հասցնել մի փուլի, երբ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած ուժեղ գործիքները», – գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում»։