
«5 հոգի ծանր վիճակում են, նրանց տեղափոխումը Երևան անհնար է՝ ճանապարհի փակ լինելու հետևանքով». Արցախի ԱՆ խոսնակ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը փակելու հետևանքով Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան և կատարել վիրահատություն։
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ ճանապարհը փակ լինելու հետևանքով այս պահին 5 հոգու չեն կարողանում տեղափոխել Երևան։
«5 հոգի ծանր վիճակում են, նրանց տեղափոխումը Երևան անհնար է՝ ճանապարհի փակ լինելու հետևանքով։
Առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ այդ հիվանդներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Կապ ենք պահպանում նաև Երևանի մեր մասնագետների հետ։
Ներկա պահին դեռևս դեղերի ու բժշկական պարագաների պակաս չունենք, բայց մեկ է՝ անհանգստացնող է դեղամիջոցների մատակարարումը, որն այս պահին դարձել է անհնարին»,- նշեց Անգելինա Իսախանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: