«Վրաստանի տարածքում հերթի մեջ դեռ սպասում է 1700 բեռնատար». Էկոնոմիկայի փոխնախարար

Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «ՀՀ պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը որոշ դեպքերում անհնարին է դարձել։

«Վերջին երկու ամսում Բագրատաշենից մինչև Լարսի անցակետ բեռնատարներն անցնում էին միջինում 25-30 օրում, ինչի պատճառով լրացուցիչ ծախսեր են առաջացել։ Հատուկ գյուղմթերքների պահպանման ընդհանուր ժամկետը 25-30 օր է, իսկ որոշների դեպքում արտահանումն անհնար է դարձել»,- նշեց Արման Խոջոյանը։

Ըստ փոխնախարարի, կան որոշակի վերլուծություններ, թե գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ինչ վնասներ են կրել։

«2022թ․ դեկտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ-ից դուրս է եկել 2033 բեռնատար, իսկ ԵՏՄ սահմանն անցել են 2800 բեռնատարներ։ Բարձրացել է թողունակությունը, նվազել՝ հերթում կանգնածների թիվը։ Իսկ այսօրվա դրությամբ Վրաստանի տարածքում հերթի մեջ դեռ սպասում է 1700 բեռնատար։ Մեր տվյալներով՝ դուրս եկած բեռները մինչև հինգ օրում հասնում են Հայաստան»,- հավելեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս