Կա եվրոպական փաստաթուղթ. Խաղաղության պայմանագրի էլեմենտները. Արմեն Աշոտյան

«Բրյուսելյան փաստաթուղթ կա: Երեկ Արմեն Գրիգորյան կոչվող մեկ այլ ոչնչություն ասում էր, որ կա խաղաղության համաձայնագրի ընդամենը երկու տարբերակ՝ ռուսական և ադրբեջանական: Սուտ ասաց, որովհետև եթե ոչ խաղաղության պայմանագրի տեքստ, կա եվրոպական առաջարկ, որը ես տեսել եմ: Դա խաղաղության պայմանագիր չի կոչվում, կոչվում է խաղաղության պայմանագրի էլեմենտներ: Ինչ-որ բառախաղ է: Ես տեսել եմ էդ թուղթը, Բրյուսելում եմ տեսել ու անձամբ կարդացել եմ: Թող հերքեն ասածս»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, 168.am-ի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հաջորդիվ Արմեն Աշոտյանը ներկայացրեց այդ փաստաթղթի բովանդակությունը:

«Գիտե՞ք՝ էնտեղ ինչ է գրված… Որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է սկսեն երկխոսություն, որը չի հակասելու Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը: Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Բրյուսելյան փաստաթղթում, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, գրված է, որ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսությունը փաստացի վերադաս-ստորադաս երկխոսություն է: Ու այդ երկխոսության բովանդակությունը չպիտի հակասի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և միջազգային երաշխիքներին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ըստ նրա՝ փաստաթղթում արցախահայերն ազգային փոքրամասնություն են, որովհետև խոսվում է ազգային փոքրամասնությունների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու անհրաժեշտության մասին, որ գործընթացում կներգրավվի ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով հատուկ հանձնակատարը:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ իրենք երկու բան են ուզում՝ դելիմիտացիա, դեմարկացիա՝ թեկուզ Ադրբեջանի պայմաններով, բայց վերջնական, և Արցախ-Ադրբեջան երկխոսության մեկնարկ: Այստեղ երկու ադրբեջանական կողմ կա, և ոչ ոք չի պաշտպանում Հայաստանի ու Արցախի շահերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Վերջինս կրկին պնդեց՝ խաղաղության համաձայնագրի տարբերակ, ըստ իշխանությունների, կա 2 հատ, ինքը շեշտում է՝ 3-ն են:

«Որ սրանք հերքեն, Բրյուսելի համաձայնությունը ստանալով՝ ես պատասխանեմ, սկանդալ է լինելու: Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև գրագրություն կա, ակնհայտ է, չէ՞, որ դա ռուսական տարբերակի շուրջ չէ, որովհետև եթե ռուսական տարբերակի շուրջ լիներ, առնվազն այդ նամակները Վաշինգտոնում չէին փոխանցի, այլ Սոչիում, Կազանում, Պրահայում, Բիշքեկում: Ադրբեջանական տարբերակի վրա Նիկոլ Փաշինյանն աշխատում է սրբագրիչ, ինչ-որ բաներ է ուղղում: Ինքը չի նայում, որ հայ ժողովրդի համար լավ լինի, այլ, որ ստեղ «կռուտիտ» կարողանա անի»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի ներկայացմամբ՝ փաստաթղթի եվրոպական տարբերակում Զանգեզուրի միջանցքի մասին դրույթներ չկան:

«Կոմունիկացիաների բացում կա, բայց կոնկրետ Սյունիքով միջանցքի հիշատակումն այնտեղ չկա: Կա հետևյալ դրույթը, որ երբ սկսվում է Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը, պետք է դրա պայմանները ֆիքսվեն մինչև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը: Ի դեպ, փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հայեր ձևակերպումն է առկա: Ոչ ինքնորոշման իրավունքի, ոչ կարգավիճակի մասին խոսք չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ սրա արդյունքում կարող է տեղի ունենալ հերթական դավադիր ագրեսիան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս