Բաժիններ՝

Ռուսաստանը նավթի գնային շեմի սահմանմանն արձագանքելու 3 տարբերակ է մշակել

Ռուսաստանի իշխանությունները 3 հնարավոր տարբերակ են դիտարկում ԵՄ-ի և G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանն արձագանքելու համար:

Սցենարներից մեկով կոչ է արվում ամբողջությամբ արգելել նավթի վաճառքն այն պետություններին, որոնք աջակցել են սահմանափակումներին, այդ թվում՝ այն դեպքում, եթե նրանք հումքը Ռուսաստանից ձեռք բերեն ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդ երկրների կամ դրանց շղթայի միջոցով: Այսինքն՝ մատակարարումը կարգելափակվի, եթե չեզոք երկիրը պաշտոնապես գնի նավթը, բայց դրա վերջնական ստացողը դառնա G7-ի անդամ երկիրը:

Ըստ «Ведомости»-ի աղբյուրների՝ երկրորդ տարբերակով ենթադրվում է արգելել արտահանումն այն պայմանագրերով, որոնք ներառում են գնային շեմի պայման՝ անկախ նրանից, թե որ երկիրն է ստացողը:

Երրորդը, այսպես կոչված, ինդիկատիվ գնի սահմանումն է, այսինքն՝ Urals նավթի առավելագույն հնարավոր դիսկոնտի որոշումը ռուսական Brent ապրանքանիշի նկատմամբ. դիսկոնտի ավելացման դեպքում վաճառքը կարգելվի:

Ըստ պարբերականի զրուցակիցներից մեկի՝ տվյալ պահին տարբերակներից ոչ մեկը չի հաստատվել, հնարավոր են նաև այլ տարբերակներ կամ դրանց համադրություն:

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանումը միայն կհանգեցնի շուկայում հումքի գնի բարձրացմանը, դեկտեմբերին արդյունահանումը կմնա նախորդ ամսվա մակարդակին, որն ապագայում, գուցե, մի փոքր նվազի, մատակարարման շղթաներն արդեն վերակառուցվում են։ Նովակը խոստացել է, որ ռուսական ընկերություններին նավթի գնային շեմով առևտուրն արգելելու մեխանիզմը կընդունվի մինչև տարեվերջ։

Ըստ ՌԴ ֆինանսների նախարարության՝ նոյեմբերին ռուսական Urals նավթի միջին գինը կազմել է 66.5 դոլար՝ հոկտեմբերից 6%-ով ցածր:

Ռուսաստանից դեպի G7-ի երկրներ և ԵՄ նավթի և նավթամթերքի մատակարարումները կազմել են 214.7 մլն տոննա՝ ընդհանուր 109.5 մլրդ դոլար արժեքով:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված Եվրամիության երկրների, Ավստրալիայի և G7-ի երկրների սահմանափակումը. Եվրամիության երկրները ռուսական նավթի մեկ բարելի դիմաց կվճարեն 60 դոլարից ոչ ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս