«Ունենալու ենք 50 տոկոսից ոչ բարձր կառավարության պարտք, սա ձեռքբերում է». Տիգրան Խաչատրյան

Այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ասաց, որ նախարարի ներկայացմամբ ստացվում է, որ այժմ  ՀՆԱ-ի պարտքի ուղղությամբ  գտնվում են բավականին բարենպաստ վիճակում։

«Արդյո՞ք նպատակահարմար կլինի նոր պարտքեր ներգրավել, որովհետև հետագայում մարելու համար այդ բարձր տոկոսադրույքները կմնան»,- հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։

Պատասխանելով հարցին, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սովորաբար չեն խոսում ներգրավվող վարկերի կամ գանձապետական պարտատոմսերի արժեքի ընդհանրական ծավալի մասին, այլ խոսում են զուտ ավելացման մասին, որովհետև տարվա ընթացքում ունենալու են թե՛ ստացումներ, թե՛ մարումներ։

«Այդ ստացումների և մարումների տարբերությունը, որն արդեն ավելի շատ ստացում է, քան մարում, պետական բյուջեի դեֆիցիտն է, որը լինելու է 289 մլրդ դրամ։

Կարդացեք նաև

Հետևաբար՝ 273 մլրդ դրամ մենք վճարելու ենք տոկոսների համար, իսկ տարվա ընթացքում, չնայած, որ մարումներ ենք կատարելու, բայց ստանալու ենք ավելի շատ փոխառություններ ու վարկեր։

Ինչ վերաբերում է պարտքի նոր չափին և դրա մակրոտնտեսական գնահատականին, արդեն ասացի, որ ունենալու ենք 50 տոկոսից ոչ բարձր կառավարության պարտք։ Կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ 3 տարվա կտրվածքով էական ձեռքբերում է»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս