Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

Միջազգային ջանքերի համադրմամբ պետք է պայքարել ցեղասպանության հանցանքի դեմ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը. 2022 թվականի դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը նշեց, որ գլոբալ ֆորումին մասնակցելու են շատ հեղինակավոր, այս ասպարեզում խոսք ունեցող անհատներ: Լինելու է մոտ 250 մասնակից, 30 միջազգային հեղինակավոր բանախոս՝ գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

«Միջազգային անվտանգության ճգնաժամը որոշակի համատեքստ է ձևավորում ցեղասպանության կանխարգելման գործում: Բացի այդ, պատմությունից լավ գիտենք, որ միջազգային անվտանգության համակարգի փլուզումը մշտապես հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների և այլ զանգվածային վայրագությունների, և այս համատեքստում անցկացնել գիտաժողով և հրավիրել ցեղասպանության կանխարգելման գործում ներգրավված թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակների, ինքնին կարևոր է»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի խոսքով՝թեմատիկ տեսակետից այս տարվա ֆորումի օրակարգը ձևավորվել է նոր տեխնոլոգիաների խնդրի շուրջ, թե ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները նպաստում ցեղասպանությանը և ինչպես կարող են նպաստել դրանց կանխարգելմանը:

«Մեր գլոբալ ֆորումի գլխավոր ուղերձը կայանում է նրանում, որ մենք միջազգային ջանքերի համադրմամբ պետք է պայքարենք ցեղասպանության հանցանքի դեմ՝ առաջնահերթություն տալով կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ չմոռանալով, որ կան ցեղասպանության դեմ պայքարի ևս երկու կարևոր սյուներ, դրանք են՝ զոհերի պաշտպանությունը, ցեղասպանության հանցանքի կրկնման բացառումը և հատուցումը»,-ասաց նա:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին՝ փոխնախարարն ընդգծեց, որ նոր, զարգացած տեխնոլոգիաների կիրառումը հանգեցրել է ցեղասպանության իրականացմանը: Ըստ նրա՝ ցեղասպանության իրականացումը երբեք էլ դյուրին գործ չի եղել. այն պահանջել է երկարատև ցեղասպան գաղափարի քարոզ հասարակության տարբեր շերտերի մեջ, այն պահանջել է հսկայական ծավալի մարդկանց կազմակերպված սպանություն, և այդ տեսակետից ցեղասպանությունների էջը բացվում է 20-րդ դարից, և Հայոց ցեղասպանությունը այդ տեսակետից առաջիններից է:

Ըստ նրա՝ այն փաստը, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, պատահական չէ. դա պայմանավորված է ոչ միայն պատմությամբ, այլև ներկայով, այն տարածաշրջանային իրողություններով, որում մենք ապրում ենք:

Փոխնախարարն ընդգծեց, որ առանձին անդրադարձ կարվի նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը, որը նույնպես խիստ կարևոր է մեր տարածաշրջանում. կփորձեն վերլուծել, թե ինչպե՞ս ժամանակակից և նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել այդ ժառանգության պահպանմանը:

Տեսանյութեր

Լրահոս