Ռոբերտ Քոչարյանին հենց դրանում էին մեղադրում. պետք է սահմանափակել Զինված ուժերի կիրառման վարչապետի միանձնյա լիազորությունները, ներգրավել խորհրդարանին. Դավիթ Հակոբյան
«Գործող Սահմանադրությամբ մենք ունենք խորհրդարանական կառավարման ձևի Հանրապետություն, սակայն գործող փոխզսպման կառուցակարգերն ամենևին բավարար չեն: Մեզ մոտ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է քաղաքական մեծամասնության ձեռքում, և մի կողմից խորհրդարանական փոքրամասնությունը չունի բավարար լծակներ, կամ տրված լծակներն արդյունավետ չեն, իսկ մյուս կողմից Հանրապետության ոչ գործադիր նախագահը չունի բավարար լծակներ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա՝ ներկայիս Սահմանադրության մեջ ուշադրությունից դուրս է մնացել բնապահպանական օրակարգը, և օրինակ, ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում այսօր չեն կարող քննվել էկոհամակարգի առանձին տարրերին պատճառված վնասների դեպքերով գործեր:
«Կարևոր հարց է նաև սոցիալական իրավունքները: Գործող Սահմանադրությամբ մեր բոլոր սոցիալական իրավունքներն ըստ էության մատնվեցին 2-րդ պլան: Այսօր մենք չունենք իբրև հիմնական իրավունք՝ ոչ առողջության պահպանման իրավունք, կենսաթոշակի, սոցիալական ապահովության իրավունքները նույնպես հետին պլանում են»,- ասաց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը:
Դավիթ Հակոբյանի խոսքով՝ հիմա նպատակ է դրված կառուցել իրական խորհրդարանական կառավարման ձև, քանի որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ունենալ խորհրդարանական կառավարման ձևին բնորոշ կառուցակարգեր:
«Մեր գործող Սահմանադրությունն իսկապես շատ հարցերում ունի օրիգինալ, եզակի մոտեցումներ, բայց այդ ամենով հանդերձ՝ շեղվել է դասական խորհրդարանական կառավարման ձևից»,- ասաց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը:
Դավիթ Հակոբյանը նկատեց՝ գործող Սահմանադրությամբ՝ Ազգային ժողովն արձակվում կամ վարչապետ է նշանակվում իրավունքի ուժով, այսինքն՝ այստեղ ոչ գործադիր նախագահը չունի որևէ դերակատարում:
Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ըստ բանախոսի՝ մեր Սահմանադրությամբ ընտրվեց 3/5-ի ձևաչափն այն մտայնությամբ, որ որևէ ուժ չի ունենա ձայների այդ թիվը, սակայն մենք տեսանք, որ վերջին ընտրություններում դա ստացվեց, և դա մի դեպքում պայմանավորված էր հեղափոխությամբ, մյուս դեպքում՝ հետպատերազմական իրողություններով:
«Ունենք իրավիճակ, երբ քաղաքական մեծամասնությունը կարող է կատարել ցանկացած ընտրություն: Փոքրամասնությունը չունի էական դերակատարում: Դրա համար առաջարկում ենք այս մեխանիզմում կատարել փոփոխություն: Կամ պետք է ձևավորվեն համատեղ հանձնաժողովներ, կամ 3/5-ը պետք է ավելի բարձր լինի, օրինակ, քաղաքական մեծամասնություն +3 պատգամավոր»,- ասաց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է նախագահի դերը ֆիքսելիս նշել, որ նա նպաստում է հանրային կառավարմանը, բարեվարքության, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի սկզբունքների ապահովմանը:
«Առհասարակ մեզ մոտ նախագահը ոչ գործադիր նախագահներին բնորոշ 10 դասական լիազորություններից ունի միայն մի քանիսը՝ կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ, կարող է օրենքի սահմանադրականության հետ կապված՝ դիմել ՍԴ: Մենք առաջարկել ենք նաև նախագահին վերապահել տուպիկային իրավիճակները կարգավորողի դերը, ինչպես նաև ազգային արժեքների, պատմաճարտարապետական հուշարձանների պատրոնաժի ֆունկցիան, որ նրա հոգածության ներքո լինեն ազգային արժեքներն առհասարակ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը նշում է՝ ցանկանում են հնարավորություն տալ, որ նախագահն ու խորհրդարանական ընդդիմությունը տարեկան սահմանափակ թվով առանձին օրինագծեր վիճարկեն, որ, օրինակ, եթե ԱԺ 40%-ը որևէ օրինագծի դեմ է քվեարկել, նախագահը կարողանա այն դնել հանրաքվեի, կամ կրկին սահմանափակ թվով օրենքների՝ օրինական ուժի մեջ մտնելը հետաձգվի 6 ամսով:
«Դա կստիպի, որ քաղաքական մեծամասնությունը կոմպրոմիս գտնի խորհրդարանական ընդդիմության հետ, իսկ պառլամենտարիզմի սկզբունքն է ապահովել որակյալ դեբատ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Հանձնաժողովի անդամը նշեց՝ նկատել է, որ մեզանում համոզմունք կա ձևավորված, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում նախագահը չի կարող ընտրվել ժողովրդի կողմից:
«Նման բան չկա: Խորհրդարանական կառավարման երկրների բնութագրիչներից է, որ նախագահն առհասարակ չի մասնակցում քաղաքական գործընթացներին: Կան շատ խորհրդարանական կառավարման երկրներ, որտեղ նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից: Ես կառաջարկեի, որ Խորհրդարանի կողմից նախագահն ընտրվեր 2/3-ով, և եթե ինչ-որ ժամկետում քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նախագահի ֆիգուրի շուրջ, ապա նախագահին կարող են ընտրել կամ ընտրիչները, կամ ժողովուրդը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում նախագահին չպետք է տրվեն այնքան լիազորություններ, որ նա հանկարծ թելադրի քաղաքական օրակարգ:
Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության ինստիտուտին, ապա այն, ըստ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամի, կարելի է փոխել նաև առանց հանրաքվեի:
«Կարելի է այնպես անել, որ լրացուցիչ բոնուսները չտրամադրվեն: Կայուն մեծամասնությամբ, այո, մի կողմից տալիս ենք կայունություն, որ իսկապես շարունակաբար ընտրությունների փուլում չգտնվենք, բայց մյուս կողմից այս կերպ քաղաքական ուժերը չեն գնում կոմպրոմիսների: Երկու արժեքներ են բախվում՝ դասական պառլամենտարի՞զմը, թե՞ կայունությունը: Դրա համար այստեղ պետք է քաղաքական որոշում: Իմ մոտեցումն է՝ կայուն մեծամասնության պահպանում, առանց բոնուսների՝ ընդդիմությանը կառուցակարգեր տալով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամը գործող Սահմանադրության ամենամեծ թերություններից մեկը համարեց Զինված ուժերի կիրառման գործող ձևը, նախկինի վերացումը:
«Մինչ 2015թ. Սահմանադրությունը Զինված ուժերը կարող էին կիրառվել բացառապես երկրի վրա հարձակման կամ դրա վտանգի դեպքում: 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հենց մեղադրում էին դրանում, ասում էին՝ Զինված ուժեր ես կիրառել ներքաղաքական խնդիրների ժամանակ: Այդ արգելքը վերացվեց 2015թ.: Ես չգիտեմ՝ ինչու… Եվ հիմա տեսական կարելի է ներքին հարցերը լուծելիս նույնպես Զինված ուժեր կիրառել: Նախկին Սահմանադրությամբ ամրագրված կանոնակարգումը պետք է հետ բերել: Պետք է սահմանափակել Զինված ուժերի կիրառության՝ վարչապետի լիազորությունները: Այստեղ պետք է Ազգային ժողովն ունենա մասնակցություն»,- եզրափակեց Դավիթ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում