«Լավրովը հստակ ասաց՝ ՀՀ իշխանությունները համաձայնել են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում». Հայկ Խալաթյան
«VERELQ» տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից պարզ է, որ Արցախում ինչ էլ լինի՝ ռուսների գործն է:
«Եթե մենք դատում ենք Լավրովի վերջին ասուլիսից, նա հստակ ասաց, որ փաստացի ՀՀ իշխանությունները համաձայնել են ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Բաքուն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելով՝ փորձում էր հասկանալ, թե որն է խաղաղապահների և Ռուսաստանի կարմիր գիծը, նաև հասկանալով, որ ՀՀ իշխանությունները չեն գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց դեմ չեն լինի, եթե Ադրբեջանն առանց այդ պայմանագրի ստորագրման վերցնի այն ամենը, ինչ Հայաստանի իշխանությունը պատրաստ է զիջել, սկսելու են այդ ծրագրի իրականացումը: Ցավոք, կանխատեսում եմ այն տարբերակը, որը Շուշիի դեպքում եղավ: Հիշում եք, չէ՞, որ հենց իշխանություններին մեղադրում են, ասում են՝ հանձնեցիք Շուշին, ասում են՝ մենք չենք հանձնել, ադրբեջանցիները վերցրել են: Նույնն էլ հիմա է լինելու, ասելու են՝ միջանցքը չհանձնեցինք, ադրբեջանցիները վերցրին, հիմա մենք Արցախը չճանաչեցինք Ադրբեջանի կազմում, բայց Ադրբեջանն այնպես արեց, որ մնա իրեն:
Ցավոք, որևէ լավ բան չեմ զգում, որովհետև տեսնելով թե՛ Ռուսաստանի դժվարությունները, թե՛ Հայաստանի իշխանությունների որոշումներ ընդունելու սպեցիֆիկան, պետք է հասկանալ, որ նրանք գնալու են ամենահեշտ ճանապարհով: Փաստացի, Լավրովը խոսեց այդ մասին, ասելով՝ դե, մենք ուզում էինք ուրիշ տարբերակ, բայց եթե հայերն ուզում են այս տարբերակը, ավելի լավ, դա ավելի կհեշտացնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Եթե հայկական կողմը կոշտ դիրքորոշում զբաղեցներ, ապա Ռուսաստանը կամ մյուս խաղացողները ստիպված էին լինելու գտնել մի տարբերակ, որը գոնե որոշ չափով հաշվի կառներ հայկական կողմի շահերը: Բայց այս պարագայում, եթե Հայաստանի իշխանություններին ցանկացած զիջում լավ է, մյուս երկրների համար ավելի լավ, նրանք իրենց հաշվին չեն անելու այդ զիջումները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: Այսպիսով, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ։
Այս թեմայի վերաբերյալ Հայկ Խալաթյանը հետևյալն ասաց. «Իսկ դրա դիմաց ի՞նչ է ստացել հայկական կողմը, ինչո՞վ են առաջնորդվում, եթե փորձում են այսպես սիրաշահել Ադրբեջանին, ցույց տալ, որ կոնստրուկտիվ քաղաքականություն են վարում, դա չի գնահատվելու: Հստակ երևում է, որ այդ ամբողջը Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի դեմ, թե՛ այդ զոհերի գերեզմանները, իբր առաջին պատերազմից մնացած, թե՛ ականների պատմությունը, որը, բոլորը հասկանում են, որ հնարած է: Հայաստանի իշխանություններն օգնում են Ադրբեջանին, որպեսզի իր այդ քաղաքականությունը առաջ տանի՝ վարկաբեկելու Հայաստանը, Արցախը, ցույց տալու, որ հայկական կողմն իբր ռազմական հանցագործություններ է կատարել, որը հավասարության նշան է դնելու եվրոպացիների աչքերում Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում