«Բնապահպանի քողի ներքո տարիներ շարունակ սուտ ու կեղծիք տարածողների խումբ կա». «Լիդիան Արմենիայի» փաստաբան Արմեն Մելքումյան
Նոյեմբերի 23-ին «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ իրենց հաճախորդ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավի արատավորման հետևանքով վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու հարցում հաղթանակ են գրանցել:
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ընկերության անունից հայցադիմում էր ներկայացվել առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ բնապահպան Թեհմինե Ենոքյանի, որով պահանջվել էր հերքել 2018թ. օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում վերջինիս կողմից հրապարակային ելույթում «Լիդիան Արմենիա» ընկերության հասցեին հնչեցրած զրպարտություն հանդիսացող հայտարարությունները և փոխհատուցել զրպարտության և վիրավորանքի համար:
Խոսքը վերաբերում է 2018թ. օգոստոսի 12-ին Թեհմինե Ենոքյանի կողմից իր իսկ անձնական ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակած հրապարակային ելույթին:
«Ողջույն… ողջունում եմ գնդեվազցիներին, կեչուտցիներին, ջերմուկցիներին, Ջերմուկում հանգստացողներին… Եվ հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս «Լիդիանի» նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները… Ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում «Լիդիանը» բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև»,- մասնավորապես ասել է բնապահպանը:
Թեհմինե Ենոքյանը նաև պատմական ակնարկի իր տարբերակն էր ներկայացրել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարը շահագործելու պատմության հետ կապված:
««Լիդիանը» օֆշորում գրանցված բրիտանական կազմակերպություն է, իրական սեփականատերերի մասին մենք մինչ օրս ոչինչ չգիտենք, և կուզենամ ասել, որ 2006թ.-ից սկսած՝ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումներ են կայացվել, կանաչ լույս է բացվել կոռումպացված նախկին կառավարության կողմից և թույլ է տրվել, որ «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը այստեղ հանք շահագործի»,- ասել էր Թեհմինե Ենոքյանը՝ հավելելով, որ «Հայաստանի ցանկացած իրավագիտակից քաղաքացի գիտի՝ ինչ հանցագործություններով է զբաղվում «Լիդանը», և դրա դեմը պետք է առնել»:
Նա նաև նկատել էր, որ շատ համահունչ աշխատում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, և, որ Փաշինյանն իրենց ասել է, որ եթե ինքը լիներ, հանք շահագործելու թույլտվություն չէր տա:
Հարցը մտել էր դատական լուծման դաշտ, և Առաջին ատյանի դատարանը «Լիդիան Արմենիայի» օգտին վճիռ էր կայացրել: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց էր ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրագրող և բնապահպան Թեհմինե Ենոքյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 5-ին:
«2022թ. հուլիսի 22-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Թեհմինե Ենոքյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել էր, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության վերաքննիչ բողոքը՝ բավարարվել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը` պարտավորեցնելով Թեհմինե Ենոքյանին իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հրապարակայնորեն հերքել Թեհմինե Ենոքյանի կողմից հրապարակային ելույթում հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հօգուտ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջինիցս բռնագանձել ընդհանուրը 1 264 000 ՀՀ դրամ, որից 1 000 000 ՀՀ դրամը, որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում»,- տեղեկացրել էր փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
2022թ. նոյեմբերի 18-ի դրությամբ ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշումը մտել է օրինական ուժի մեջ, որովհետև Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 9-ին հրաժարվել է վարույթ ընդունել Թեհմինե Ենեքյանի բերած վճռաբեկ բողոքը:
«Հատկանշական է, որ նշված որոշմամբ ի թիվս այլ փաստերի արձանագրվել է, որ պատասխանող Թեհմինե Ենոքյանը իրավամբ միտում և դիտավորություն էր ունեցել արատավորելու, հանրորեն դատափետելու, պարսավելու հայցվորի` «Լիդիան Արմենիա» ընկերության, գործարար համբավը»,- նշել էին «Լիդիան Արմենիայի» փաստաբանները:
Այս վճռից հետո Թեհմինե Ենոքյանի կողմնակիցները հանդես եկան բնապահպանին աջակցող գրառումներով:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Թեհմինե Ենոքյանի փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը:
«Ցանկացած մեկը մեզնից, ով ելույթ ունենալով բնապահպանական որևէ ակցիայի դուրս կգար հանքի դեմ ու կպաշտպաներ կյանքը, հանցագործություն կհամարեր բնության դեմ կատարած ոտնձգությունները, և․․․ Եվ կպարզվեր, որ հանքարդյունաբերողը դատի է տվել ու պահաջել մի կլորիկ գումար՝ իր համբավը արատավորելու համար, իսկ ՀՀ Վերաքննիչ դատարանը կբավարարի այդ հանքարդյունաբերողի պահանջը և կպարտավորեցնի վճարել 1մլն 224 հազար դրամ: Պատկերացրեցի՞ք, չէ, անպատկերացնելի է․․․ Բայց լուսանկարի ժպտադեմ աղջիկը՝ Թեհմինե Ենոքյանը, հենց այն անձն է, ում դեմ Լիդիանը դատական գործ է բացել ու Վերաքննիչ դատարանն էլ աննախադեպ բարձր գումար է պարտավորեցնում վճարել։ Կասեք թող դիմի Վճռաբեկ, բայց Վճռաբեկը վարույթ չի ընդունել Թեհմինեի հայցը»,- մասնավորապես գրել էր իրավապաշտպանը:
Նա նաև հավելել էր, որ հայտնում է իր սոլիդարությունը և առաջարկում է դա անել նաև այլոց՝ նշելով՝ «Թեհմինեի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը»:
Մեկ այլ բնապահպան՝ Օլեգ Դուրգարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.« Ոչ ժողովրդավարական երկրներում պրակտիկա է, երբ ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ճնշում են տարբեր ձևերով և գործիքներով, դրանցից մեկը ակտիվիստների նկատմամբ դատական գործընթացով տարբեր բնույթի պատասխանատվության ենթարկելու դատական վճիռներն են։ Սկզբից դրանք շատ թե քիչ թեթև բնույթի գործընթացներ են, աբսուրդային, որոնք վերաբերում են այդպես ասած զրպարտությունների, վիրավորանքների, բարոյական վնասների համար պատասխանատվության ենթարկելուն, հետո արդեն պրակտիկան զարգանալով հասնում է ակտիվիստներին քրեական տարաբնույթ մեղադրանքներով պատասխանատվության ենթարկելուն։ Հայաստանում այլ ճգնաժամ է, արդարադատութան ճգնաժամը շարունակվում է և դրա զոհերը կան, կլինեն և եթե այդպես շարունակվի միայն կշատանան»:
Վերջինս նաև նկատել էր՝ այլ ձև, քան ճնշում քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, նման որոշումները չես կարող դիտարկել, և քաղաքացիական հասարակությունը այստեղ ասելիք ունի, բոլորս պետք է համախմբվենք և կանգնենք Թեհմինեի կողքին, Ամուլսարի կողքին։
«Անհրաժեշտ է դիրքորոշում և գործուն քայլեր, ովքեր միանում են, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով»,- կոչ էր արել բնապահպան-ակտիվիստը:
Ինքը՝ Թեհմինե Ենոքյանը, «Առավոտին» ասել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է 1 224 000 դրամի պահանջը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ նոյեմբերի 9-ին հայցս չի ընդունել վարույթ:
«Խնդրում եմ ուսումնասիրել փաստաթղթերը, և եթե հարկ համարեք դիրքորոշում արտահայտել այս հարցով հրապարակայնորեն, շնորհակալ կլինեմ»,- ասել էր բնապահպան-ակտիվիստը:
168.am-ի հետ զրույցում «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակի ղեկավար, «Լիդիան Արմենիայի» շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Մելքումյանը, հարցին՝ ինչո՞ւ են դիմել դատարան, արդյո՞ք դա ազատ խոսքի սահմանափակում չէ, ինչպես նշում են բնապահպան-ակտիվիստները, պատասխանեց՝ թե իրենք, և թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեմ չեն ազատ խոսքին, բայց դա իրավունք է, որն ավարտվում է այնտեղ, որտեղ խախտվում է մեկ այլ անձի իրավունք:
«Բայց բնապահպանի քողի ներքո տարիներ շարունակ սուտ ու կեղծիք տարածողների խումբ կա, որը պարբերաբար սուտ տեղեկատվություն է տարածում ընկերության գործունեության վերաբերյալ: Մենք ունենք արդեն 10-ից ավելի դատական գործեր: Այս պահին գործընթաց ունենք բնապահպան-ակտիվիստներ Լևոն Գալստյանի, Նազելի Վարդանյանի, ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարիներ շարունակ փորձել է հասկանալ, որ կարող է լինել և հանրային խոսք, որ կարող է և քննադատվել ընկերության գործունեությունը, բայց նաև դատարաններն են համարել, որ հանրային խոսքը պետք է լինի հավասարակշռված, ստուգված, բարեխիղճ ու փաստարկված:
«Թեհմինե Ենոքյանը հանրության մեջ տարածել է տեղեկատվություն, որ ընկերությունը հանցագործ է: Շատ մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, բայց դատարանն այն իրավական հարթակն է, ուր եթե ինչ-որ բան ես ասում առհասարակ ընկերության վերաբերյալ, կարող ես գալ ու այդ հարթակում ներկայացնել քո փաստերը: Ինչո՞ւ են աղմկում… Ասե՞լ եք, եկեք, փաստարկեք ձեր ասածը դատարանում, ասեք, որ դուք ճիշտ մտքեր եք արտահայտել»,- ասաց Արմեն Մելքումյանը:
Նկատենք, որ ըստ «Առավոտի»՝ Թեհմինե Ենոքյանն իր փաստաբան-ներկայացուցիչների հետ խորհրդակցում է ՄԻԵԴ դիմելու մասին:
Փաստն այն է, որ Վճռաբեկ դատարանը գտել էր՝ «Բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու համար», և այդ պատճառով էլ Թեհմինե Ենոքյանի հայցը վարույթ չի ընդունվել:
Նույն «Առավոտի» հետ զրույցում Թեհմինե Ենոքյանն ասել էր, որ իր փաստաբանները՝ Նինա Հակոբյանը և Տիգրան Ստեփանյանը, ներկայացրել են ապացույցներ և իր ասած տեքստի հիմնավորումները:
«Ոչ մի դատական գործում իրենցից ոչ մեկը չի կարողացել ապացուցել, որ իրենց արտաբերած որոշակի տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն ունի: Եթե իրենք իրենց բնապահպան-փորձագետ կամ բնապահպան-իրավաբան են ներկայացնում, ուրեմն նրանց հանրային խոսքը պետք է լինի փաստարկված և ստուգված: Դատարանն արձանագրել է՝ ընկերությանը զրպարտել են, դիտավորություն և միտում է եղել ընկերության բարի համբավն արատավորելու, որպեսզի հանրության մեջ տարածեն ու հիմնավորեն ընկերության վերաբերյալ բացասական ընկալում ու տվյալներ»,- ասաց փաստաբանը:
Արմեն Մելքումյանի խոսքով՝ 10-ից ավելի բոլոր գործերով իրենց դատավարական հակառակորդները ներկայացված են եղել փաստաբաններով:
«Նորից եմ կրկնում՝ որևէ փաստ չեն կարողացել ներկայացնել, որ իրենց արած արտահայտությունները կարողանան պաշտպանել»,- Թեհմինե Ենոքյանի դիտարկմանն է արձագանքում «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը:
Փաստաբանի պնդմամբ՝ տարիներ շարունակ հանրության մեջ սուտ ու կեղծիք տարածելու արդյունքում այսօր հազարավոր մարդիկ զրկված են իրենց աշխատանքից:
«Հազարավոր մարդիկ ուղղակի լքել են երկիրը, չեն աշխատում Հայաստանում այն պահից, երբ հանքը սկսեց չաշխատել: «Լիդիան» ընկերությունը երբ սկսեց շինարարություն իրականացնել, տարածքի գրեթե բոլոր բնակիչները ներգրավված էին այդ աշխատանքներում: Մարդիկ ՌԴ-ում թողել էին աշխատանքը, եկել էին իրենց տուն, որովհետև հենց իրենց դարպասից այն կողմ գտնվող հանքում կարող էին արժանապատիվ աշխատանք ունենալ»,- ասաց Արմեն Մելքումյանը:
168.am-ի դիտարկմանը, որ բնապահպանական ակցիաներին մասնակցում էին նաև Ամուլսարի տարածքին հարող բնակավայրերի բնակիչներ, «Լիդիանի» ներկայացուցիչն ասաց՝ ինքը չի բացառում, որ մարդկանց մեջ մանիպուլյացիաներ, սուտ ու կեղծիք տարածելու արդյունքում՝ կարող է լինել զանգված, որը կուրորեն կարող է հավատալ դրանց, բայց հետո հասկանալ, որ այն, ինչ շրջանառվում էր, սուտ էր և կեղծիք:
«Եվ այսօր դատական բոլոր ատյանները հերթով բոլոր այդ անձնավորությունների կատարած արտահայտություններին տալիս են գնահատական, գտնում, որ դրանք իրականության հետ որևիցե առնչություն չեն ունեցել, այլ միտում, դիտավորություն է եղել՝ վնասելու ընկերության բարի և գործարար համբավը»,- ասաց փաստաբան Արմեն Մելքումյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ թե «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ընկերությունը՝ որպես իրավաբանական ընկերություն, թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն երբեք միտում չեն ունեցել սահմանափակել խոսքի ազատությունը:
«Մենք գնահատում և արժևորում ենք խոսքի ազատությունը: Ցանկացած անձ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, բայց այդ կարծիքը չի կարող լինել ի հաշիվ այլ իրավունքի: Բարեխիղճ և փաստարկված, հավասարակշռված խոսքը երբեք չի կարող վիճարկման առարկա լինել: Կրկնում եմ՝ 10-ից ավել դատական ակտեր ունենք, որոնցից 7-8-ը՝ դրական արդյունքով: Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր վստահորդի իրավունքները»,- եզրափակեց Արմեն Մելքումյանը: