Խնդիրներ են առաջացել. «Լիդիան Արմենիան» բաժնետոմսերը չի նվիրել Կառավարությանը

Թեև 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա անող քաղաքացիներին վստահեցնում էր՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործը և միջազգային փորձաքննության արդյունքները կդնի թևի տակ ու կգնա ազդակիր համայնքների բնակիչների հետ քննարկման, սակայն, ավանդույթի ուժով, դրժելով տված այս խոստումը ևս: Հանքի շահագործման դեմ ակցիա անողներին չհանդիպեց՝ թևի տակ որևէ փաստաթուղթ դրած, ավելին, վարչապետ դառնալուց հետո որոշեց, որ Ամուլսարը ոչ միայն պետք է սար չմնա, այլ նաև այդ հանքը շահագործող ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է նվիրատվության անվան տակ տրվի ՀՀ Կառավարությանը։

2024 թվականի հունվարի 18-ի Կառավարության նիստում ընդունվեց համապատասխան որոշումը, ըստ որի՝ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը պետք է որպես նվիրատվություն՝ տրվեն Կառավարությանը։

Միաժամանակ, նախատեսվում էր բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը պետք է նվիրատու կողմի հետ համապատասխան պայմանագիրը կնքեր մարտի 22-ին։

Նվիրատվության գործարքը, սակայն, տեղի չի ունեցել, ինչպես հիմնավորում են էկոնոմիկայի նախարարությունից, «Լիդիան Արմենիա» ընկերության մոտ առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Կարդացեք նաև

Բացի այդ, ներկայացրած գրության համաձայն՝ «Լիդիան Արմենիա» բաժնետիրական ընկերությունը և իր բաժնետերերը ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը՝ վերոնշյալ գործարքների ավարտից հետո տեղի կունենա պայմանագրի կնքումը։

Հաշվի առնելով այս խնդիրները՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պայմանագրի կնքման ժամկետը երկարաձգել՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Հավելենք, որ Կառավարությունը նախատեսում է ստանալ այս ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը՝ առանց լրացուցիչ պարտավորությունների, իսկ դա նշանակում է, որ որևէ պարտավորություն չի ստանձնելու այն դեպքում, երբ շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 2022թ. վերջի դրությամբ ունեցել է ստանձնած պարտավորություն՝ 542.3 մլն ԱՄՆ դոլար, կուտակած վնաս՝ 662.3 մլն ԱՄՆ դոլարի չափով։

Թե ինչպե՞ս է այսքան պարտավորություն և վնաս ունեցող ընկերությունը որոշել իր բաժնետոմսերը նվիրաբերել՝ Կառավարությանն ազատելով ստացած նվերի չափով որևէ պարտավորություն ստանձնելուց, մնում է այս մութ գործարքի հաջորդ մութ էջը։

Տեսանյութեր

Լրահոս