Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
Ամերիկյան Amazon.com Inc-ը հաջորդ տարում կավելացնի «ամպային» ծառայություններով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների թիվը, ինչպես նաև կշարունակի տվյալների կենտրոնների կառուցումը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Նոյեմբերին ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր իր մի շարք ստորաբաժանումներում նախատեսվող կրճատումների կամ նոր աշխատակիցների ընդունումը դադարեցնելու մասին, սակայն այդ իրադրությունը, ըստ երևույթին, չի վերաբերում Amazon-ի ամենաշահութաբեր բիզնեսին:
Ընկերության ավագ փոխնախագահ Մեթ Գարմանը, որը ղեկավարում է Amazon Web Services-ի (AWS) վաճառքների և մարկետինգի բաժինները, ասել է, որ 2023 թվականին սպասում է հաստիքակազմի ընդլայնման:
«Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք ևս մի քանի աշխատակիցների կընդունենք: Մեր բիզնեսն առաջվա պես արագ աճում է», – ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Amazon-ի «ամպային» ստորաբաժանման վաճառքները, որը տրամադրում է տվյալների պահեստարաններ և հաշվողական կարողություններ, հունիս-սեպտեմբերին կազմել են 20,5 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Այդուհանդերձ, սա ամենադանդաղ աճն է 2014 թվականից ի վեր, երբ Amazon-ն սկսեց հաշվետվություններում առանձին տվյալներ ներկայացնել AWS-ի վերաբերյալ: Գարմանը հայտարարել է նաև, որ ընկերությունը «տվյալների կենտրոնների կառուցումը կդանդաղեցնի միայն այն ժամանակ, երբ դրանց պահանջարկը դանդաղի»:
«Կան մատակարարումների շղթայի բազմաթիվ մոդելներ, որոնք մեզ ասում են շարունակել տվյալների մշակման կենտրոնների կառուցումը, ուստի մենք շարունակելու ենք դրանց կառուցումը»,-ասել է նա: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները 0,4 տոկոսով աճում են նոյեմբերի 30-ին նախնական սակարկությունների ընթացքում:
Ռիթեյլերի շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկել է գրեթե 45 տոկոսով (մինչև 958,5 մլրդ դոլարի) այն դեպքում, երբ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը կորցրել է շուրջ 30 տոկոս: