ԱՄՆ-ը բանակցություններ է սկսել Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող NASAMS ՀՕՊ համակարգերն Ուկրաինային փոխանցելու շուրջ
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի քանի երկրների հետ «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգերն Ուկրաինա տեղափոխելու շուրջ, հայտնել է Raytheon Co. արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյսը։
ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցները, ինչպես նաև մենք ինքներս աշխատում ենք Մերձավոր Արևելքի մի քանի երկրների հետ, որոնք ունեն NASAMS-ներ. փորձում ենք ապահովել դրանց փոխանցումն Ուկրաինային»,- ասել է նա:
Ըստ Հեյսի՝ խնդիրն այն է, որ ՀՕՊ համակարգերը Կիևին ուղարկվեն երեքից մինչև վեց ամսում, այնուհետև ԱՄՆ-ը հաջորդ 24 ամսվա ընթացքում դրանց փոխարեն Մերձավոր Արևելք կուղարկի նոր NASAMS համակարգեր:
Նա նշել է, որ NASAMS-ի ստեղծման համար կպահանջվի երկու տարի, քանի որ էլեկտրոնային տարրերի և հրթիռային շարժիչների գնումները ժամանակ են պահանջում:
Նշվում է, որ ըստ Պենտագոնի հաշվետվությունների՝ մերձավորարևելյան երկու երկրներ՝ Օմանը և Կատարը, ԱՄՆ-ից ձեռք են բերել NASAMS համակարգեր:
Հիշեցնենք, որ Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 ,երկիր-օդե դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային:
Վաշինգտոնը հաստատել էր Կիևին 8 NASAMS հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք պետք է օգնեն հետ մղել ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածները: Ուկրաինան նոյեմբերին ստացել է այդ համակարգերից երկուսը:
Մյուսները կուղարկվեն առաջիկա ամիսներին՝ արտադրվելուց հետո: Պայմանագիրը ներառում է նաև մարտկոցներ, անձնակազմի ուսուցում և լոգիստիկ աջակցություն: