Բաժիններ՝

«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում այսօր ժամը 14։20-ի սահմաններում կործանված B55 տիպի ինքնաթիռը թռիչքն իրականացրել էր «Զվարթնոց» օդանավակայանից։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ-ն ահազանգը ստացել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից․

«Ահազանգ ենք ստացել, որ B55 տիպի ինքնաթիռը ռադարներից կորել է։ Արդեն ըստ լոկացիայի մեր խմբերը մեկնել են դեպքի վայր։ Ինքնաթիռում 2 հոգի են եղել, երկուսն էլ զոհվել են, նրանց ինքնությունը չգիտենք, քանի որ այրված են»։

Կարդացեք նաև

Հայկ Կոստանյանին հարցրեցինք՝ տեղյա՞կ է՝ արդյոք Ջրաբեր գյուղի բնակելի հատվածո՞ւմ է ընկել ինքնաթիռը, թե՞ ոչ․

«Մեր մարզայինի պետը փոխանցեց, որ դեպքը եղել է Ջրաբեր գյուղի ավազահանքերի հատվածում»։

Տեղեկացնենք նաև, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից էլ 168.am-ին փոխանցեցին, որ մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավը ժամը 13։11-ին իրականացրել էր Երևան-Աստրախան ուղղությամբ թռիչք։

«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

Տեսանյութեր

Լրահոս