Արցախում Սահմանադրության բարեփոխումների գործընթացը չի սառեցվել, բարեփոխումների հրատապությունն ու կարևորությունը չի վերացել. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով https://168.am/2022/11/23/1800663.html «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից:
Ինչպես հայտնել էին նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում:
Նախագիծը հետ կանչելուց հետո, ԱԺ արտահերթ նիստում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իրենը, իհարկե, այն համաձայնեցրել ու քննարկել է ԱԺ պատգամավորների հետ։
«Սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որը, այո, իմ խնդրանքով ու առաջարկությամբ փոխվել է այս տարբերակին։
Երբ ասում ենք, որ հասարակության կողմից թյուրըմբռնում կա, նշեմ, որ իմ կողմից եղել է մեկ հոդվածով փոփոխություն, որը, մինչև այսօր համարում եմ, որ ամենաճիշտ տարբերակն է, այնպես չէ, որ հետ եմ կանգնել։ Բայց ինձ համար նաև երկրի ներքին կայունությունն ավելի կարևոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը։ Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որևէ բան չի ավելացնելու, և Սահմանադրությունը չփոխելով՝ մեր երկիրը չի քանդվելու»,- նշել էր Արցախի նախագահը։
Անվտանգության հարցերի վերաբերյալ էլ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ կլինի փակ հանդիպում, որտեղ կքննարկեն պատգամավորներին հուզող բոլոր հարցերը։
168.am-ն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց՝ փակ հանդիպման ընթացքում բավարար պատասխաններ ստացե՞լ են, և առհասարակ ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանադրական փոփոխությունների նախագծին։
Պատգամավորի փոխանցմամբ, նախագահի հետ փակ քննարկում դեռ չի եղել, սակայն հույս ունի, որ կլինի, քանի որ շատ դեպքերում այն, ինչ ԱԺ-ում հայտարարում է իշխանությունը, հետո ընթացք չի ստանում։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դեռևս ամիսներ առաջ, հանձնաժողովը ձևավորվելուց հետո, արդեն սկսել էր բարեփոխման աշխատանքները։
«Երբ աշխատանքները հասան վերջին փուլին, հենց Արայիկ Հարությունյանի առաջարկով, որ ելնելով անվտանգային խնդիրներից, ինչ-որ ազդակներից, ցանկալի է, որպեսզի մեկ հոդված՝ 162-րդ հոդվածը միայն հանրաքվեի դրվի, որը թույլ կտա նաև ԱԺ-ին հետագայում կատարել բարեփոխումներ։ Այդ ժամանակ մեր քաղաքական թիմը դրան դեմ է արտահայտվել՝ հիմնավորելով, որ ժողովուրդը պետք է համաձայնություն տա բարեփոխումներին, այսինքն՝ ասի այո կամ ոչ։ Մեզ միացել էին այլ քաղաքական թիմեր, սակայն նախագահը պնդեց ու հիմնավորումներ բերեց, ինչից հետո համաձայնեցինք թեկուզ այդպես, բայց գնալ սահմանադրական բարեփոխումների։
Դրանից հետո Արցախում գործընթացներ տեղի ունեցան, ինչ-որ պասիվ մարդիկ, հասարակական կազմակերպություններ ըմբոստացան, սկսեցին վատաբանել փոփոխությունները և այդ ամենի համար մշտապես մեղադրում էին ԱԺ-ին։ Ընդ որում, Գերագույն դատարանը դրական եզրակցություն էր տվել փոփոխություններին, քանի որ այնտեղ հակասահմանադրական որևէ բան չէր նկատել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Արցախի նախագահի ներկայացրած պատճառաբանությունը՝ փոփոխությունների նախագիծը հետ կանչելու վերաբերյալ, ընկալելի չէր, քանի որ պետք է հեռատես լիներ, հատկապես, երբ իրեն նախապես ասել էին՝ ընտրած այդ ճանապարհը ճիշտ չէ։
«Արցախի նախագահի հայտարարությունը շատերը ճիշտ չէին հասկացել՝ մտածելով՝ այդ գործընթացը սառեցվում է, չեն լինելու բարեփոխումներ, բայց այդպես չէ։ Նախ, մենք հետևողական կլինենք միանշանակ, որ սառեցում չգնա, և երկրորդ՝ նախագահի խոսքերում նման ենթատեքստ չի եղել։ Իհարկե, մենք հայտարարեցինք, որ մեր գործող Սահմանադրությունը ճգնաժամային չէ, բայց այստեղ այլ է վտանգը, որ նախագահի ու ԱԺ հաջորդ ընտրությունները լինելու են 2025 թվականին։ Սա մեզ համար ճակատագրական տարեթիվ է՝ պայմանավորված ռուս խաղաղապահների ժամկետի լրացման հետ։ Նոր իշխանությունը պետք է ունենար իր մշակած ռազմավարությունը, դիմակայելու նաև այն մարտահրավերներին, որին մենք սպասում ենք այդ ժամանակահատվածում։ Այս առումով սահմանադրական բարեփոխումների հրատապությունն ու կարևորությունը չի վերացել»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ Արցախի նախագահը կոմպրոմիսի՞ է գնացել ընդդիմության հետ այս հարցում, ավելի կոնկրետ՝ ԱԺ-ի հետ, և այսուհետև կարելի՞ է սպասել, որ բոլոր հարցերում հանդես կգան միասնաբար, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցը հենց այդ միասնականության ցուցադրումն էր և Արցախի պահանջների միասնական ձևով առաջադրումը։
«Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ անձեր չենք դիտարկում, այլ նույն գաղափարի շուրջ հավաքված մարդիկ, որոնք իրենց սեփական շահն են համարում երկրի փրկությունը։ Սակայն դրան զուգահեռ՝ պետք է լինել ազնիվ ու մեջտեղ չբերել սեփական խաղը, ինչը մեր քաղաքական ուժը չունի, և ակնկալում ենք մյուսներից։ Արցախում սա ողջունելի է, որ գալիս ենք քաղաքակիրթ ճանապարհի վրա, որտեղ իշխանությունը, ընդդիմությունն իրենց դերակատարությունն ունեն և դա ճիշտ են կատարում։ Ես նաև նորանշանակ պետնախարարին եմ առաջարկել ցանկացած հարցում լինել միասնական և պատրաստ ենք նույնիսկ աշխատել կառավարության հետ մեկտեղ՝ դրական ու ճիշտ արդյունք ապահովելու համար»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։