«Ոստիկանությունից բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են». ՄԻՊ
Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։
«Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Վանաձորում մի քանի քաղաքացի դաժան ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, որոնք փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար։
«Այսօր ահազանգ եմ ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ երեկ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:
Ըստ քաղաքացու, ում հետ զրուցեցի քիչ առաջ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:
Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ (մեկ տասնյակից ավել), ովքեր, ըստ քաղաքացու, դաժան բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:
Բռնության հետևանքով 2 քաղաքացի` այդ թվում նաև տարեց քաղաքացու անչափահաս թոռը բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում:
Ըստ քաղաքացու, այսօր ոչնչացվել են նաև միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը, իսկ իրենց հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:
Քաղաքացին խնդրում էր հնարավորինս հանրային ուշադրություն հրավիրել այս դեպքին:
Հրավիրում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ուշադրությունը, պահանջելով անհապաղ պարզել դեպքի հանգամանքները, նշանակել ծառայողական քննություն, իսկ մինչ քննության ավարտը միջադեպին մասնակցած անձանց թույլ չտալ շարունակել կատարել ծառայողական պարտականությունները:
Հրավիրում եմ նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրմանը և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները»,– գրել է նա: