Պետության ղեկավարը դիրքորոշում հայտնելիս պիտի չափազանց զգույշ լինի. Տարոն Սիմոնյան
«Միջազգային իրավունքի և իրավակարգի մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երևույթ չէ, և, ինչպես ցանկացած իրավունքի համակարգ, ինքը ևս կենդանի օրգանիզմ է, գտնվում է տրանսֆորմացիաների փուլում գրեթե միշտ»,- ««Խաղաղության պայմանագրի» սահմանադրականությունը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով միջազգային իրավական կարգավորումնրին:
Ըստ նա՝ այսօր մենք տեսնում ենք, որ այն, ինչ 70 տարի առաջ գրվել է, ոչ ամբողջությամբ է արտահայտում այն միջազգային հարաբերությունները, որոնք ըստ էության մեր շուրջ տեղի են ունենում:
«Իրավունքի ցանկացած մեկնաբանություն ունակ է էական ազդեցություն ունենալ միջազգային իրավակարգի վրա: Հետևաբար՝ ցանկացած պետություն, որն այս կամ այն կերպ փորձում է օգտագործել միջազգային իրավունքում արտահայտված դրույթները, պետք է հասկանա, որ իր կողմից արտահայտված ցանկացած խոսք, բնորոշում, մեկնաբանություն իրեն հետագայում կաշկանդելու է այդ նույն միջազգային իրավունքի կողմից, եթե ընկալումն այնպիսին լինի, ինչպիսին որ ասվում է»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ սա վերաբերում է բոլոր պետություններին ու հատկապես այն գործիչներին, ովքեր իրենց երկրների Սահմանադրությամբ լիազորված են արտահայտելու պետությունների դիրքորոշումն ու կամքը:
«Հիմնականում դրանք նախագահներն են, վարչապետները, արտաքին գործերի նախարարները: Այստեղից բխում է, որ զգուշավորությունն իրենց խոսքում ոչ միայն չի խանգարի պետական գործիչներին, այլև չափազանց կարևոր և անհրաժեշտ միջոց է պետական շահն առաջ տանելու տեսանկյունից»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Նա նկատեց՝ երբ վերլուծում ենք մեր պետական գործիչների լեզվամտածողությունը, տպավորություն է ստեղծվում, որ մենք 20-րդ դարի 20-ական թթ.-երից այս կողմ չենք անցել:
«Այն բառերը, արտահայտությունները, որոնք մեր պետական գործիչներն օգտագործում են «խաղաղության պայմանագիրը» բնորոշելիս, տալիս են որոշակի վերլուծության առիթ: Նախ և առաջ վերջին կես դարում միջազգային պայմանագրերում «խաղաղության համաձայնագիր» ձևակերպում չի օգտագործվում: Այսօր միջազգային իրավունքում «պատերազմ» բառը չի օգտագործվում, այլ միջազգային կոնֆլիկտ են ասում կամ ագրեսիա՝ քրեական իրավունքի տիրույթում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյանը նկատում է՝ ուժի կիրառումն ինքնին հանցագործություն է, և երբ մենք օգտագործում ենք «խաղաղության համաձայնագիր» եզրույթը, ակամայից լեգիտիմացնում ենք ուժի կիրառումը:
«Մենք կուլ ենք տվել ադրբեջանական թեզը: Այն բառերը, որոնք հնչում էին ադրբեջանական ղեկավարության շուրթերից, հիմա հնչում են հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է: Այն, ինչ ասում էր Ադրբեջանը, և մենք մերժում էինք, որ մենք պետք է ընդունենք ԽՍՀՄ վարչական սահմանները՝ որպես մեր պետության սահմաններ, հիմա կարծես թե ինքներս ենք այդ թեզը բռնել ու առաջ տանում:
Այս համատեքստում նա կարևորեց, որ պետության ղեկավարը չափազանց զգույշ պետք է լինի դիրքորոշում հայտնելիս, եթե դա վերաբերում է միջազգային իրավունքի կարգավորման առարկային:
Մանրամասները՝ տեսանյութում