Պուտինի նոր խաղը Ղարաբաղյան և Հայաստան-Ադրբեջան գործընթացներում

Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի ու հանրության ուշադրության կենտրոնում Երևանում նոյեմբերի 23-ին անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, ՀԱՊԿ-ը լքելու, ՀԱՊԿ-ում մնալու թեման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային կարճատև այցը Հայաստանի Հանրապետություն, ուշագրավ հաճախականությամբ կոնտակտներ են նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Շփումներն ամենայն հավանականությամբ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման ռուսական առաջարկների շուրջ են: Մեկ շաբաթվա ընթացքում Պուտին-Ալիև երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել, առաջինը՝ նոյեմբերի 17-ին, երկրորդը՝ նոյեմբերի 22-ին: Կոնտակտների այս հաճախականությունը տարօրինակ երևույթ է ռուս-ադրբեջանական բարձրաստիճան շփումների շրջանակում, քանի որ ուկրաինական պատերազմի ֆոնին էապես կրճատվել էին Պուտին-Ալիև հեռախոսազանգերը: Ուստի վերջին օրերի ընթացքում այս երկու հեռախոսազանգերը նշանակում են, որ կա խոսակցության ու բանակցության հստակ թեմա:

Նոյեմբերի 17-ի հեռախոսազրույցում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել էին առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության որոշակի հարցեր, իսկ նոյեմբերի 22-ին քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։ «Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանահայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։ Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»,- ասված է ռուսական պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրությունում:

Պուտին-Ալիև հեռախոսազանգերի հարապատկերին հետաքրքրական տեղեկատվություն հայտնվեց մամուլում նաև այսօր՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Ուշադրության արժանի էին նաև նախօրեին ՀՀ-ում կայացած ՀԱՊԿ ղեկավարների նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթները:

ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով նիստի ժամանակ Պուտինը նշել էր, որ իրենք դրական են գնահատում հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը։ «Տեղի ունեցած բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագա հիմնարար հարցերի շուրջ փոխզիջումների համար։ Կարևոր է, որ համատեղ հայտարարությունը վերահաստատեց հավատարմությունը եռակողմ պայմանավորվածություններին ամենաբարձր մակարդակով, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ՝ 2020 և 2021 թվականներին, ինչպես նաև մեր փոխգործակցության համատեղ ձևաչափի առանցքային դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Միայն սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման շուրջ այս պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել էր Պուտինը։

Ավելի ուշ ընդլայնված կազմով նիստի ընթացքում Լուկաշենկոն ևս խոսել էր Խաղաղության համաձայնագրից:

«Եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, հակամարտությունը կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում»,- ասել էր Լուկաշենկոն։

Դիմելով Փաշինյանին՝ նա ավելացրել էր․ «Եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ»։ Այս ֆոնին բարդ չէ հասկանալ նաև այն, թե ինչով էր պայմանավորված նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգերը Երևան և Բաքու, հորդորները՝ նշանակել հաջորդ բարձրաստիճան հանդիպման օրը:

Ռուսական առաջարկները, որոնք սեղանին, ըստ մի շարք տեղեկությունների, դրվել էին այս ամառ, նոր թափ առան հոկտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինի Վալդայ դիսկուսիոն ակումբի ելույթից հետո: Պուտինն ասել էր, որ ռուսական կողմի տեսակետն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է։ «Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատմանը և սահմանային հարցերի ամբողջական կարգավորմանը։ Մենք դրան կողմ ենք։ Հարցը, թե ո՞ր տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։ Եթե այդ տարբերակը կբերի խաղաղության, մենք միայն կողմ ենք։ Բայց մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ «վաշինգտոնյանը», ինչքանով ես հասկանում եմ, այն ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական սուվերենության ճանաչում, ապա եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն»,- նշել էր Պուտինը:

Նա նաև ասել էր, թե եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, և պետք է այդ առանձնահատկությունները նկատի ունենալ, քննարկել, դա ևս հնարավոր է։

«Բայց, անպայմանորեն, պետք է նաև պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Պետք է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք նրա վրա, ինչ կառաջարկի հենց Հայաստանը»,- ասել էր ՌԴ նախագահը:

Պուտինի այս աղմկահարույց ելույթին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումն այն մասին, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել էր աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։

«Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել էր իր թվիթերում Փաշինյանը:

Սրան հաջորդած հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ բարձրաստիճան գագաթնաժողովը ակնառու արդյունքներ չարձանագրեց, սակայն փաստորեն այս հանդիպումից հետո ռուսական առաջարկները ակտիվորեն քննարկվում են, իսկ արևմտյան գործընթացն ակնհայտորեն դանդաղել է և գուցե ավարտվի: Ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմը փորձում է Արևմուտքի կողմից համակարգվող հայ-ադրբեջանական գործընթացը տեղափոխել Ռուսաստանի հովանու ներքո, ներկայումս Ալիևի հետ բանակցելով գլխավոր հարցերի համաձայնեցման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս