Հավատով կարդալու մասին
Ահա թե ինչու մենք շարունակ գոհություն ենք տալիս Աստծուն նրա համար, որ մեզնից Աստծու խոսքի լուրն առնելով` այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ճշմարտապես` որպես Աստծու խոսք, որ ներգործում է նաև ձեր` հավատացյալներիդ մեջ (Ա Թեսաղ. Բ 13)։
Հավատն ունի մեկ անուն, բայց` երկու զորություն: Առաջինը դավանության հավատն է՝ Սուրբ Երրորդության խոստովանությունը, որ յուրաքանչյուր անձ ստանում է ավազանից:
Երկրորդն այն հավատն է, որ Սուրբ Գրքում գրված խոսքերը, որոնք Սուրբ Հոգին խոսեց մարգարեների, առաքյալների և Եկեղեցու վարդապետների բերանով, սուտ և առասպել չի համարում, այլ հավատում է, որ ճշմարիտ և ուղիղ են, որպես թե իր աչքերով է տեսնում այն ամենը, ինչ եղել է, պիտի լինի, և որ է (ս. Ներսես Շնորհալի):
Սուրբ Հոգու ներշնչանքով գրված Սուրբ Գիրքը կարող է հասկանալի լինել միայն Սուրբ Հոգու օգնականությամբ: Իսկ այդ շնորհին արժանանալու համար պետք է մանուկներին հատուկ դյուրահավատ սիրտ ունենալ: Հիշենք Փրկչի խոսքերը. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանը (Երկնքի արքայության խորհուրդները) իմաստուններից և գիտուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. ԺԱ 25): Հետևաբար մանկական վստահությամբ ընթերցենք Աստծու խոսքը` իբրև երկնային Հոր` մեզ հասցեագրված ուղերձ:
Մեծ տարբերություն կա Աստծու խոսքի տառացի իմաստը սեփական մտքով հասկանալու և այն իբրև ճշմարտություն ընդունելու կամ հավատի շուրթերով ճաշակելու և սրտում ընդունելու միջև:
Ինչպես որ համտեսված սնունդը հաճելի է քիմքին և սնուցում է մարմինը, այդպես էլ հավատով ճաշակված Աստծու խոսքը ուրախացնում ու սնում է հոգու կյանքը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. ԼԳ 9),- բացականչում է սաղմոսերգուն, ում համար «Տիրոջ դատաստանները» քաղցր են «մեղրից ու խորսխից ավելի» (Սաղմ. ԺԸ 11):
Մեծ տարբերություն կա Աստծու խոսքն իբրև ճշմարտություն ընդունելու և Աստծու խոսքին հավատալու միջև:
Կարդալով հարավային պտուղների նկարագրությունները` մենք իմանում ենք, թե ինչպիսին է դրանց տեսքը և համը, չենք կասկածում դրանց գոյությանը, սակայն որքա՜ն մեծ է տարբերությունը, երբ ճաշակում ենք դրանք: Ի՜նչ հաճելի, թարմացնող ու կենարար զգացողությամբ ենք համակվում: Այսպիսին է Սուրբ Գրքի խոսքի ներգործությունը, երբ հավատով ենք ընթերցում:
Աստվածաշունչը սիրող յուրաքանչյուր ոք գիտե այս բանը: Երբեմն ընթերցվում են տողեր և էջեր, բայց սիրտը սառն է մնում:
Հանկարծ ինչ-որ խոսքի հանդիպելիս սիրտն ասես հալչում է, ինչպես սառույցն` արեգակի ճառագայթներից, հոգին լցվում է խաղաղությամբ ու խնդությամբ. այն խանդաղատվում է, ցնծում ու գոհանում կամ սարսափահար է լինում ու խոնարհվում. հոգին հաստատ որոշում է կայացրել, նա աղոթում է: Խաղաղությունը կրկին հանգրվանել է նրա մեջ, հոգին ճաշակել է Աստծու խոսքը։
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից