Բաժիններ՝

Բացահայտվել է ավտոմեքենաների կողային հայելիների գողություն կատարող խումբ. կալանավորվել է 4 անձ

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից ավտոմեքենայից խոշոր չափերով գողություն կատարելու դեպք:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 27 և 24-ամյա երիտասարդները, նախնական համաձայնության գալով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 38 և 35-ամյա տղամարդկանց օժանդակությամբ, 2022 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 03։00-04։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող ավտոկայանատեղիում, նախապես վերցված դանակով կտրել են այնտեղ կայանված՝ ՍՊ ընկերությանը պատկանող «Լեքսուս 460» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների էլեկտրական լարերը, այնուհետև կոտրելով՝ հափշտակել դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27 և 24-ամյա երիտասարդների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել նշված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որոնք բավարարվել են:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս