Բաժիններ՝

Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել զգուշություն դրսևորել Սև ծովում

ՌԴ-ի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ ծովակալ Ռոբ Բաուերը վերջերս կայացած շփումների ընթացքում համաձայնության են եկել զգուշություն պահպանել Սև ծովում «միջադեպերից խուսափելու համար»:

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Euractiv հրատարակությանը: Խոսքը գնում է, այդ թվում, ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի նավերի միջև բավականաչափ հեռավորության պահպանման մասին: Euroactiv-ի ՆԱՏՕ-ի աղբյուրը նշել է, որ դաշինքի որոշ անդամներ, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայից, կասկածներ են հայտնել զինվորականների միջև նման շփումների վերաբերյալ: Դաշինքի մյուս անդամները դրան ի պատասխան նշել են, որ հաղորդակցության նման ուղու պահպանումը «մտնում է Բաուերի պարտականությունների մեջ»:

Euractiv-ը նաև նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամների շարքում և, ընդհանուր առմամբ, միասնականություն չկա այժմ ստեղծված իրադրության վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ դաշինքի մի խումբ անդամ պետություններ Արևելյան Եվրոպայից, Սկանդինավիայից , նախկին Հարավսլավիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիան պաշտպանում են «զրոյական գումարով խաղի» մոտեցումը (սկզբունք, որի դեպքում մի կողմի հաղթանակը հավասարազոր է լինում մյուսի պարտությանը):

Ընդ որում, դաշինքի «ավանդական» մասնակիցները՝ ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը, «ավելի զուսպ են այդ առումով»: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այն, աղբյուրի խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում ակտիվություն հանդես չի բերում ՆԱՏՕ-ում՝ կատարելով բոլոր ֆինանսական պատավորությունները, բայց չհայտնելով իր կարծիքը: Հրատարակության զրուցակիցը նշել է, որ Վաշինգտոնի ղեկավար դերի շնորհիվ այս պահին ՆԱՏՕ-ում, «բարեբախտաբար», գերակշռել է չափավոր ուղեգիծը: Նա նաև նշել է, որ դաշինքն այսուհետ ևս աջակցություն ցույց կտա Ուկրաինային այնքանով, որքանով այն սպառնալիք չի ստեղծի դաշինքի երկրների ազգային անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս