Բաժիններ՝

Չկա ավելի մեծ հրաշք, քան մեղքերից ազատվող մեղավորի սիրտը․ Յոթ խորհուրդ

«Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես անելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի»:

Գործք ԺԷ 30

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն՝ ապրելու աստվածային կամքի համաձայն․ «Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտերը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները։ Դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև Նա ողորմած է և գթասիրտ…» (Հովել 2.12-13)։

Այո՛, ողորմած է Աստված, Ով մեզ համար ապաշխարության ճանապարհ է պատրաստել, և Քրիստոսի առաջին կոչն ու քարոզն էլ այդ են պատգամում․ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 4.17):

Կարդացեք նաև

Մեղքերից ազատագրման գործընթացն Աստվածաշնչում անվանում են ապաշխարություն, և այս խորհուրդը սահմանել է հենց Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհաննես 11․22-23)։ Ապաշխարությունը եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը կատարվում է պարբերաբար և համարվում է մարդկային կյանքի սնուցման աղբյուր։ Ապաշխարությունն իրականանում է երեք փուլով։ Դրանցից առաջինը մարդու ի սրտե զղջալն է, ինչպես նշում է Նարեկացին իր «Մատյան ողբերգության» պոեմում. «Չկա ավելի մեծ հրաշք, քան մեղքերից ազատվող մեղավորի սիրտը»։

Երկրորդը բանավոր խոստովանությունն է։ Այս խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ Տիրոջից մեղքերի թողություն ստանում: Այնուհետև հոգևորականը խոստովանողի համար սահմանում է հատուցում՝ աղոթք, պահք, ողորմություն, բարեգործություն և այլ բարի գործեր: Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին՝ թե՛ ներելի և թե՛ մահացու։

Այս խորհուրդը կատարվում է պարբերաբար՝ հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մկրտությունից հետո էլ մարդը կարող է սխալվել ու մեղք գործել, ուստի յուրաքանչյուր մարդ ունի ամեն վայրկյան զղջալու կարիք: Ու քանի որ ապաշխարությունը լիարժեք է գործով, ուստի և Աստված թողություն է շնորհում ապաշխարողին, ոչ թե մեղավորին: Հիշենք՝ ինչ էր ասում Եփրեմ Ասորին․ «Ինքը՝ Տերը, հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար: Այդպես էլ անենք, իսկ եթե սայթաքելով մեղանչենք, բժշկենք այն արցունքներով, քանի դեռ ապաշխարության ժամանակ կա: Ապաշխարության ժամանակը կարճ է, իսկ երկնքի Արքայությունը վախճան չունի»։

Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծու հետ։ Եվ եթե «Մեղքի վարձը մահն է» (Հռոմեացիս 6.23), ապա ապաշխարության պտուղը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը։ Անկեղծ խոստովանությամբ քրիստոնյան ոչ միայն մեղքերի թողություն է ստանում, այլ նաև հոգևոր առողջություն է ձեռք բերում. վերականգնվում է խղճի հանգստությունը, հոգու խաղաղությունը, Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Այս խորհրդով վերականգնվում է այն, ինչ ստանում ենք մկրտության ժամանակ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս