Բաժիններ՝

Այսօրվա կյանքն, իր անդադար մրցավազքով, դժոխային տանջանք է

Մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ են շտապում ու սլանում: Այս ժամին մի տեղ պետք է լինեն, մյուսին՝ մեկ այլ տեղ, հաջորդին… Նրանք ստիպված գրառումներ են կատարում, որպեսզի չմոռանան, թե ինչ գործեր պետք է անեն: Դեռ լավ է, որ այդպիսի վազքի մեջ չեն մոռացել, թե իրենց անունն ինչ է: Նրանք նույնիսկ իրենք իրենց չեն ճանաչում: Եվ ինչպե՞ս ճանաչեն, մի՞թե պղտոր ջրի մեջ կարող ես քեզ տեսնել այնպես, ինչպես հայելու մեջ: Թող Աստված ինձ ների, բայց աշխարհն իսկական հոգեբուժարան է դարձել: Ուրիշ կյանքի մասին մարդիկ չեն մտածում, միայն ավելի ու ավելի շատ նյութական բարիքներ են որոնում իրենց համար: Եվ այդ պատճառով էլ հանգիստ չեն գտնում և անընդհատ ինչ-որ տեղ են սլանում:

Բարեբախտաբար ուրիշ կյանք էլ կա: Մարդիկ իրենց երկրային կյանքն այնպիսին են դարձրել, որ եթե հավիտյանս այստեղ ապրեին, ապա ավելի մեծ դժոխային չարչարանք գոյություն չէր ունենա: Եթե նրանք, ինչպես Նոյի դարաշրջանում (Ծննդ. 5), ութ հարյուր, ինը հարյուր տարի ապրեին այդ տագնապն իրենց հոգում, ապա նրանց կյանքը մի երկար դժոխային չարչարանք կլիներ: Այն ժամանակներում մարդիկ պարզ էին ապրում, և նրանց կյանքն այդքան երկար էր, որպեսզի Ավանդությունը պահպանվեր: Իսկ այժմ տեղի է ունենում այն, ինչ Սաղմոսներում է գրված. «Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի, կամ առավելագույնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ» (Սղմ. 89:10)։ Իսկ յոթանասուն տարին այնպիսի ժամկետ է, որ հասցնես երեխաներիդ ոտքի կանգնեցնել, սակայն դա էլ հազիվ ես հասցնում:

Մի անգամ Ամերիկայից մի բժիշկ եկավ իմ խուց ու պատմեց այնտեղի կյանքի մասին: Մարդիկ այնտեղ արդեն մեքենաների են վերածվել, ողջ օրն աշխատում են: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր ավտոմեքենան ունենա: Տանն էլ պետք է չորս հեռուստացույց լինի, որպեսզի բոլորն իրենց հարմարավետ զգան: Դե աշխատիր, տանջվիր, շատ գումար վաստակիր, որ հետո ասես, թե երջանիկ ես ու բարեկեցիկ կյանքով ես ապրում: Բայց այդ ամենը երջանկության հետ ի՞նչ կապ ունի: Հոգու տագնապով լի այդ կյանքը, իր անդադար մրցավազքով, երջանկություն չէ, այլ՝ դժոխային տառապանք: Հոգևոր տագնապով լի այդ կյանքն ինչի՞դ է պետք: Ես նման կյանք չէի ուզի, եթե նույնիսկ ողջ աշխարհը պարտավոր լիներ այդպես ապրել: Եթե Աստված մարդկանց ասեր. «Ես ձեզ չեմ պատժի այն կյանքի համար, որ վարում եք, բայց կթողնեմ հավիտյանս այդ կյանքով ապրել», ապա դա ինձ համար մեծագույն տառապանք կլիներ:

Այդ պատճառով էլ շատերը, չդիմանալով նման կյանքին, հեռանում են քաղաքներից, գնում առանց ուղղության ու նպատակի, միայն թե հեռանան: Խմբեր են կազմում, բնության գրկում են ապրում՝ որոշներն իրենց ֆիզիկական աճով զբաղվելով, ուրիշներն՝ էլի ինչ-որ բանով: Ինձ պատմել են, որ նրանցից մեկը վազքով է զբաղվում, մյուսները գնում են լեռներ ու 6000մ բարձրություն ունեցող գագաթներ բարձրանում: Նրանք նախ՝ պահում են շունչը, հետո՝ մի որոշ ժամանակ նորմալ են շնչում, ապա՝ նորից խոր շունչ են քաշում… Ի՜նչ փուչ բաներով են զբաղվում: Դա վկայում է այն մասին, որ անհանգստությունը ծանրացել է նրանց սրտում, և սիրտը ելք է որոնում:

Այդպիսի մի մարդու ասացի. «Դուք փոս եք փորում՝ ավելի ու ավելի խորացնելով այն, հետո հիանում եք դրանով ու դրա խորությամբ, իսկ հետո… ընկնում եք դրա մեջ ու ցած սլանում: Իսկ մենք [ուղղակի փոս չենք փորում] հանք ենք մշակում և օգտակար հանածոներ գտնում: Մեր ճգնությունն իմաստավորված է, որովհետև հանուն վեհ բանի է արվում»:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս