Ոչինչ չպարտավորեցնող «Կոնցեպտ». ասել և լսել՝ կավի միջոցով
Կավը անսահման հնարավոորություններ ունի: Դրան տալիս են ձև ու պատում նախշերով, օժտում են ֆունկցիոնալությամբ և ամենապարզ խոհանոցային սպասքին հաղորդում բոհեմական ճոխություն: Կիմա Հարությունյանը կավը վերածել է կոնցեպտի:
Կիմա Հարությունյանի և համադրող Լիա Պետրոսյանի համատեղ ջանքերով կյանք է ստացել «CONCEPT. Կավից՝ թվային տիրույթ» նախագիծը:
Կիմայի աշխատանքները բաղկացած են նյութից և բովանդակությունից և ներկայացված են երեք բաղկացուցիչ մասերով՝ գրաֆիկական էսքիզ, քանդակ և գունային էսքիզ:
«Բոլոր կյանք ապրած, մաշված էսքիզները ստեղծվել են 2004 թվականին, դրանից հետո ես ստեղծեցի քանդակները: Դրանք դեռևս կիսահում վիճակում էին, մեկ թրծում էին անցել, ինչից հետո շատ վնասվածքների էին ենթարկվել: Պետք է մրցույթի գնայինք, չստացվեց, ես մի քիչ ընկճվածություն ապրեցի, նեղացա նախագծից ու որոշեցի չշարունակել: Տարիներ անց Լիան ասաց՝ պետք է անպայման ցուցադրություն անենք, իսկ դա նշանակում էր լիակատար տեսքի բերել բոլոր աշխատանքները: Ֆիզիկական ահավոր վնասվածքների էին ենթարկվել: Ես մտածեցի, որ երկրորդ թրծում չի լինի, որովհետև երկրորդ թրծումն ամբողջովին կվնասեր աշխատանքները: Սկսեցի տարբեր նյութեր և տեխնոլոգիաներ մտածել, որպեսզի կարողանամ ռեստավրացիա անել»:
Կիմայի ստեղծագործություններում կավին ուղեկցում են կաշին, մետաղը, պարանը և այլ նյութեր: Դրանք ստեղծման փուլային ընթացք են ունեցել: Փուլերը Կիման հաղթահարել է Լիայի հետևողական ջանքերի շնորհիվ.
«Երբ Լիան տեսավ, որ սկսել եմ աշխատել գունային կցումների վրա, ասաց՝ իսկ ի՞նչն է քեզ խանգարում բոլորն ավարտին հասցնել: Ամեն օր նա ինձ ստիպում էր աշխատել»,- պատմում է Կիման, ինչին Լիան հավելում է. «Ես նրան այնքան տանջեցի, որ ինձնից ազատվելու համար համաձայնեց նախագիծն ավարտին հասցնել»:
Լիան վստահ է՝ էսքիզը գործի փաստաթուղթն է, իսկ կատալոգը՝ նախածգի անձնագիրը: Ցուցադրությունն ամփոփված է կատալոգի մեջ, որում կարող եք տեսնել կավե քանդակները և դրանց կից հակիրճ մեկնաբանությունները, ինչպես Լիան է ասում՝ մեկ նախադասություն, որը հաղորդում է ամբողջ կոնցեպտը:
Ցուցադրության մյուս հատվածում ներկայացած էին եռաչափ գրաֆիկական մոդելներ, ինչը բացահայտումների նոր աշխարհ է հեղինակի համար:
«Նյութը փառահեղ է. դու շնչում ես, տեսնում ես, բայց գոյություն ունի նաև եռաչափությունը, որը պետք է զգալ: Հետաքրքիր աշխարհ է, պետք չէ վանել այն: Ժամանակը ցույց տվեց, որ առանց շրջանակի էսքիզը նույնպես լավ է»,- ասում է Կիման:
Ցուցահանդեսին դեռ կարող եք ներկա գտնվել՝ վաղն այցելելով Հ. Իգիթյանի անվան ԳԱԿ-ի Պատկերասրահ:
Անի Գաբուզյան