ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի գիտաշխատողներին Կառավարությունում ընդունել են
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողները հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի, ապա կառավարության մոտ: Նրանք պայքարում են, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ վտանգվելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
«Քաղաքապետարանում ասել են՝ շինթույլտվության իրավունք տվել են՝ ելնելով Տարածքային կառավարման նախարարության և Գույքի կառավարման Կոմիտեի տված իրավունքից, ըստ որի՝ իբրև նաև մենք ենք համաձայնություն տվել։ Եվ, քանի որ ոչ նախապես, ոչ պահանջ ներկայացնելուց հետո մեզ չի տրամադրվել համապատասխան փաստաթղթերը` մեր պահանջած, միակ քայլն ակցիայով հանդիպումներ պահանջել և ստանալն էր։ Հիմա էլ սպասում ենք այդ փաստաթղթերի տրամադրմանը»,- մեզ հետ զրույցում ասացին գիտաշխատողները:
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ սովորաբար, երբ քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ հանդիպել են ուզում, իրենք այդ մասին ասում են, հետո որոշվում է ներկաների ցանկը, բարձրանում են այս կամ այն պաշտոնյայի մոտ, կամ պաշտոնյան է իջնում, եթե ուզում են, որ ընդհանուր խոսակցություն գնա:
Ավելի ուշ հանդիպում է տեղի ունեցել Կառավարությունում: Գիտաշխատողները հանդիպել են Պետական գույքի կառավարման նախագահի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի հետ, պայմանավորվել են վաղը հանդիպել «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ում, որպեսզի խնդրին տեղում ծանոթանան: