Կառավարությունը կանդրադառնա «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տարածքում բնակելի շինություն կառուցելուն. գիտնականները նամակ են հանձնել
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողները շարունակում են պայքարել, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ վտանգելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
«Դու բնակչին չես կարող բացատրել՝ ասելով, թե՝ գիտե՞ս, այդ հոտերը որ առնում ես՝ անվտանգ են կամ՝ ոչ: Հոտ են զգալու, բողոքելու են, ու այդ ժամանակ ինստիտուտն է փակվելո՞ւ, թե՞ բնակելի շենքն են քանդելու: Անհամատեղելիությունն ի սկզբանե գալիս է այդտեղից»,- ասում են գիտաշխատողները:
Ի դեպ, փետրվարի 17-ին գիտաշխատողները նամակ են հանձնել Կառավարությանը:
«Մեր ներկայացուցիչներին կանչել են ընդունարան, վերցրել նամակները, լսել բողոքները, որից հետո առաջարկել են, որպեսզի առանձին ներկայացվեն նաև ԳԱԱ նախագահի, Գիտության պետական կոմիտեի դիմումները՝ ուղղված կառավարությանն ու մնացած գերատեսչություններին, ու սպասեն, որպեսզի կառավարության նիստում այդ հարցը քննարկվի: Քննարկելու են բոլոր առավելություններն ու թերությունները, կարծում են, որ կառուցապատողին այլ տարածքի առաջարկ կարվի, չնայած գնորդի ներկայացուցիչն ասել է, որ նախկինում իրենց նման առաջարկ չի արվել»,- 168.am-ին հայտնեց ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն կառավարության բոլոր օղակներին ուղարկել են նամակները:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողը, ըստ գիտաշխատողների, հասցրել է տեղադրել փողոցային լապտեր, և տարածքը մի թեթև մաքրել են։ Լայնածավալ շարժ դեռևս չկա:
Հավելենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։ Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։
«Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է»,- ասված է ԳԱԱ հայտարարության մեջ:
Հավելենք, որ հարցի առնչությամբ պարզաբանմամբ հանդես է եկել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը՝ նշելով, որ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավելի աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ:
Նշենք, որ խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ն 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել: