«Ամաչում եմ ասեմ՝ Ջրաշենից եմ․ ո՛չ խանութ կա, ո՛չ տրանսպորտ, տաքսու վարորդն ասում է՝ քարտեզից դուրս եք»․ Ջրաշենի բնակիչ

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի բնակիչները բողոքում են, որ թեև համարվում են Երևանի բնակիչ, զրկված են տարրական պայմաններից՝ տրանսպորտ, խանութ, ոռոգման ջուր։

Սրանք են, թերևս, ամենակարևոր խնդիրները Ջրաշենի 2-րդ փողոցի բնակիչների համար։ Տեսախցիկից դուրս հարևան կանայք պատմում էին իրենց առօրյա հոգսերի մասին, իսկ նրանցից ամենաանվախը՝ տիկին Էմմա Խաչատրյանը, որոշում է իրենց խնդիրների մասին տեսախցիկի առաջ պատմել։

«Երևանի գրանցում ունենք իբր թե։ Էս ո՞ր դարն ա, որ մենք տրանսպորտի խնդիր ունենանք։ Առաջ էլ խմելու ջրի խնդիր ունեինք․․․

Կարդացեք նաև

Ոռոգման ջուրը ես չեմ իմանում՝ մեր առուներով երբ ա եկել, հատկապես մերը, մեր կողքի հարևանինը, սկեսրանցս, էն վերևը քանի տուն, մի տասը տուն, որ ընդհանրապես չգիտեն՝ ոռոգման ջուրն ինչ է։ Կռանթի ջրով ջրում ենք՝ փչանում է, չկա, մեր հողամասում ոչ մի բան չկա, ինչի՞ ես պետք է գնամ ուրիշից առնեմ, եթե սեփական տուն ունեմ, հողամաս ունեմ, կարող եմ ծառ տնկել, ջրել։

Էսքան վախտ ես պետական հարկ մուծելու ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել։ Ոռոգման ջրի աղջիկը գալիս է, էլի տալիս ենք, 5000 դրամ հավաքում են, բայց ոչ մի գրամ ջուր չկա։

Հետո տրանսպորտը։ Ես հիմա ուզում եմ գնամ մի տեղ, գնամ բժշկի վերջապես, բայց ինչո՞վ գնամ, ես այսքան տեղը կարա՞մ ոտքով գնամ, ինչի՞ պետք է տրանսպորտ չլինի, ինչի՞ համար։ Մի երկու անգամ քաղաքապետարանից եկել, խոսք են տվել, որ ամսի 1-ին, բայց ո՞ր ամսի 1-ին, իմանամ, որ նախօրոք ուրախանամ։ Մեր փողոցն էլ հերոսների փողոց է, 3 զոհված կա, էդ զոհվածների ընտանիքները հեչ պատիվ չունե՞ն՝  տրանսպորտից օգտվեն․․․

Իմ բարեկամները չեն գալիս, ախպերներս չեն գալիս, ասում են՝ գալիս կանգնում ենք Էրեբունի, սառում ենք, հետո գալիս ենք, բայց ձեր տուն չենք հասնում, ինչի՞, էս ո՞ր դարն ա։

Ամաչում եմ մի տեղ ասեմ, որ ես Ջրաշենից եմ, Էրեբունի 2-3 ժամ կանգնում ենք, բայց չենք գալիս տուն հասնում, իսկ իմ քրոջ տունն Արթիկի գյուղերից է, ես մի ժամում հասնում եմ, իրենք մեզանից լավ են ապրում, իրենց տրանսպորտը լավ է, ու Երևանի քաղաքացի եմ, ոչ  բարով»։

Տիկին Էմմայի հետ զրույցն ընդհատվում է, հաց գնելու ժամն է․․․

«Ոչ խանութ կա փողոցում, հացն էլ այ սենց, որ չբերեն, հաց էլ չեմ կարա առնեմ․․․ Մեր փողոցում ի՞նչ խանութ, ոչ մի բան էլ չկա, ոչ մի բան։ Ես չգիտեմ՝ որտեղ ենք ապրում, ո՞ր դարն ա»։

Հաց բերող ավտոմեքենայի հեռանալուց կարճ ժամանակ անց փողոցում տարածվում է ջրաշենցիներին կանչող՝ կաղամբ վաճառող մեքենայի ազդանշանը։ Հարևանուհիներից մեկն էլ  այդ պահին մեզ հետ զրուցող տիկինն Էմմային է տեղեկացնում, որ կաղամբ են բերել վաճառքի։

– Էմմա տոտա։

– Հա։

– Քյալամ, 80 դրամ։

– Լա՞վն ա, բայց․․․ գնամ նայեմ։

Կաղամբը գնելուց հետո տիկին Էմման շարունակեց ընդհատված խոսքն ու  կրկին տրանսպորտի խնդրին  անդրադարձավ:  Հատկապես ձմռանը թաղամասի 2-րդ փողոցի տարեց բնակիչների համար դժվար է մոտ 1 կիլոմետր քայլել, գյուղի կեսն անցնել, որպեսզի կարողանան ավտոբուս նստել,  իսկ ինչ վերաբերում է տաքսիներին, ապա գներն այնքան բարձր են, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ տաքսի պատվիրել, պատկերը ներկայացնելուց հետո տիկին Էմման հավելեց, թե  շատ վարորդներ անգամ Ջրաշենի տեղը չգիտեն․

«Տաքսիների վարորդներն էլ մի քանի անգամ ասել են՝ Ջրաշենը քարտեզից դուրս է, ասի՝ ուրեմն դու քարտեզ չգիտե՞ս։ Երևանի հատակագիծը նայի, որ Էրեբունի թանգարանի հետևը գրած է՝ Ջրաշե՛ն, ո՞նց թե քարտեզից դուրս է»։

Ահա այսպես էլ ապրում են Ջրաշենի բնակիչները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս