Ռուսաստանն այլևս չի կարող խանգարել Թուրքիային․ մասնագետներ

Թուրքական «Star» թերթի կայքում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում հրապարակված «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» հոդվածը: Դրանում ներկայացված են վերլուծաբանների տեսակետներ, համաձայն որոնց՝ Անկարան խորացնում է համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ տարբեր ոլորտներում, ու Մոսկվան այլևս չի կարողանում լինել արգելք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրների համար ստեղծել է մտահոգություններ, բայց և նոր հնարավորություններ: Եվրասիական տարածաշրջանում ՌԴ-ի կառուցած անվտանգային ու տնտեսական մեխանիզմները, ըստ հոդվածի, հասել են փլուզման շեմին։

Նման պայմաններում Էրդողանը, օգտվելով Ռուսաստանի ուշադրության շեղումից, Միջին Ասիայում ակտիվ քայլեր է անում՝ այնտեղի հետսովետական երկրներին կոչ անելով խորացնել հարաբերություններն Անկարայի հետ:

Հոդվածում տեղ գտած կարծիքների համաձայն՝ Ուկրաինայում Մոսվայի սկսած պատերազմի երկարելու պայմաններում Անկարան ավելի վճռական է դարձել Կրեմլի ավանդական ազդեցության գոտին համարվող տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում: Էրդողանը տարիներ շարունակ ցանկանում է Կովկասի ու Միջին Ասիայի նախկին սովետական երկրների հետ ավելի սերտ մշակութային, կրոնական ու լեզվական կապեր ստեղծել:

«Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված Ուկրաինայի օկուպացիան վախեցրել է իր միջինասիական հարևաններին: Տարածաշրջանում ամենամեծ երկիր Ղազախստանին և ամենաշատ բնակչությամբ Ուզբեկստանին ստիպել է մտածել այլ տեղերում դաշինքներ փնտրելու մասին»,- նշվում է հոդվածում: Ապա խոսվում է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ու վերջերս Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին: Այս համատեքստում նախ հիշեցվում է, որ կառույցի հիմնադիր անդամներն են Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Թուրքմենստանն ու Հունգարիան դիտորդ երկրներ են, որոնց շարքին այս տարի ավելացավ հյուսիսային Կիպրոսի թյուրքական ինքնահռչակ հանրապետությունը:

Ապա մեջբերվում է գագաթնաժողովին Էրդողանի ելույթի այն շեշտադրումը, որտեղ նա շատ կարևոր է համարել ԹՊԿ անդամների միջև համագործակցության, համերաշխության և ներդաշնակության ամրապնդումը բոլոր ոլորտներում: Թուրքիայի նախագահն առաջարկել է նաև գործողություններն արագացնելու համար թյուրքական ներդրումների ֆոնդ հիմնել: Ղրղզստանի նախագահն էլ պնդել է առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով մատակարարման նոր ուղիներ գտնելու հարցում ավելի սերտ համագործակցել:

«Մոսկվան իր ազդեցությամբ ու կշռով ի սկզբանե խոչընդոտել է թյուրքական հասարակության ձևավորման երազանքին։ Սակայն 2020-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, ապա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան նոր թափ են հաղորդել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման փնտրտուքին»,- ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Բայրամ Բալջըն՝ ավելացնելով, որ տեղի է ունենում թյուրքական պետությունների միության վերաձևում:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի մասնագետ Անդրեյ Գրոզինն էլ կարծիք է հայտնել, որ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք մի շարք աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնության դեպքում անգամ համագործակցում են, Միջին Ասիայում նույնպես կկարողանան գտնել համագործակցության եզրեր։

Տեսանյութեր

Լրահոս