Բաժիններ՝

«Ուղեվարձը չի համապատասխանում իրականությանը. սահմանված գինն այն չէ, ինչը հաշվարկով ստացվում է». Ուղևորափոխադրողների միության նախագահ 

Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հաստատվել է Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը:

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հավանություն են ստացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ՝ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։

Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից:

Կարդացեք նաև

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը կարծում է, որ սա ձախ ձեռքով աջ ականջը քորելն է, և ոչինչ չի փոխվելու:

«Ես փոխադրող եմ, ինձ ասում են, որ՝ քո մեկ ուղևորի դեպքում վճարն այսքան է: Նայում եմ իմ հնարավորություններն ու մասնակցում մրցույթի: Մեկ ուրիշն էլ է մասնակցում: Նայում, տեսնում են շարժակազմերի, վարորդների վիճակը և որոշում են, թե ում տան առաջնայնությունը: Բայց կասեն, որ ուղեվարձը 100 դրամից ավելի չպետք է լինի, իսկ ով դրանից ավելի սահմանի՝ հաղթող չի կարող լինել: Հիմա նոր կարգ են սահմանում. ասում են՝ մեկ կիլոմետրի ինքնարժեքով պետք է որոշեն, բայց չէ՞ որ այդ մեկ կիլոմետրի ինքնարժեքում սակագինն է: Այսինքն, բառերը փոխեցինք, իսկ իմաստը մնաց նույնը»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:

Ուղևորափոխադրողների միության նախագահն անդրադարձավ գործող ուղեվարձին՝ այն համարելով «մուրացկանի գին»:

«Ուղեվարձը չի համապատասխանում իրականությանը: Սահմանված գինն այն չէ, ինչը հաշվարկով ստացվում է»,- նշեց Հրանտ Եղիազարյանը՝ հավելելով, որ, օրինակ, քաղաքի մի ծայրից մյուսը գնացող տրանսպորտը չպետք է լինի այդ գնով:

Ըստ նրա՝ 100 դրամի համար ուղևորափոխադրման այլ երկարություն կա:

Հավելենք, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կբարձրանա կանոնավոր ուղևորափոխադրումների որակն ու արդյունավետությունը, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կդյուրացվի այլընտրանքի հնարավորության արդյունքում։

Ներհամայնքային փոխադրումներ իրականացնող օպերատորը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռքբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ:

Բացի այդ՝ տվյալ դեպքում համայնքի ավագանին հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար՝ ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաև սահմանելով փոխադրման վճարի չափը՝ ինքնուրույն որոշել այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին՝ փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

Տեսանյութեր

Լրահոս