Բաժիններ՝

«Բալես, դու բոյով ես, գլուխդ չբարձրացնես․․․»․ տիկին Աիդան Սյունիքում զոհված որդու հետ մարտերը սկսվելուց րոպեներ առաջ էր խոսել

«Շատ դժվար ու ահավոր ցավ է, սրանից դժվար ու դաժան ապրելակերպ չկա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Սարգիս Արշակյանի մայրը՝ Աիդա Արտաշյանը։

Սարգիսն Արագածոտնի մարզի Թալին համայնքից էր, ունի 1 եղբայր և 1 քույր, ինքը միջնեկն էր։ 2021 թվականի հունվարի 21-ին էր զորակոչվել, նախ ծառայել էր Դավիթ Բեկում, ապա տեղափոխվել Կապանի զորամաս։

Զոհված ժամկետային զինծառայողի մայրը պատմեց, որ որդին դեռ մանկուց աչքի էր ընկնում ընկերասիրությամբ, պատրաստ էր իր կյանքը տալ ընկերոջ համար։ Ցավոք, կռվի ժամանակ հենց այդպես էլ եղել է, ծառայակից ընկերոջ՝ Տիգրանի կյանքը փրկելուց հետո, մարտական դիրքում հերոսաբար զոհվել է․

«Իմ Սարգիսը շատ ակտիվ, ժիր, չափից դուրս ընկերասեր, բոլորին հասնող, ոչնչից չվախեցող տեսակ էր։ Այդ ձևով էլ մինչև վերջ կանգնել է իր դիրքում ու կռվել թշնամու դեմ։ Մոտ ընկերը՝ Տիգրան Բաղդասարյանը, թոքի շրջանում ծանր վիրավորվել է, Սարգիսս նրան իջեցրել է դիրքի ներքևի հատվածում ապահով մի տեղ, նորից վերադարձել դիրք ու թեժ կռվի մեջ մտել․․․

Կարդացեք նաև

Տիգրանն ապաքինվում է, մեծ տղաս, ամուսինս հեռախոսով անընդհատ կապի մեջ են նրա հետ։ Խոսակցության մեջ ասել է՝ իմ ամբողջ կյանքում պարտական եմ Սարգսին, որովհետև, եթե ինձ դուրս չհաներ խրամատից, ես էլ իրենց հետ կզոհվեի, իմ կյանքը Սարգիսն է փրկել»։

18-ամյա Սարգիսը շատ էր սիրում պապիկի և հայրիկի գործը՝ ավտոմեխանիկությունը, 10 տարեկան էր, երբ պապիկի հետ մեքենա վարել էր սովորում․

«Պապիկի, պապայի հետ մեքենաներ էր սարքում, օգնում էր, սիրում էր մեքենաներ։ Ուզում էր ավտոէլեկտրիկի գործը սովորեր, բայց դրան զուգահեռ՝ նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվեր, էն էլ Աստված չկամեցավ․․․»։

Որդեկորույս մայրը պատմեց, որ ծառայության 5-րդ ամսում որդին 14 օրով արձակուրդ էր եկել։ Բանակային կյանքի և ծառայության մասին միայն դրականն էր պատմել․

«Հունիսի 24-ին՝ ծառայության 5-րդ ամսում, որպես լավ դիրքապահ՝ Սարգիսիս խրախուսանքով տուն էին ուղարկել, այդ մի անգամն է տուն եկել։ Ծառայության հետ կապված ոչ մի դժգոհություն չուներ, միշտ ասում էր՝ մերս, ամեն ինչ ցենտր է։ Ինքն իր էությամբ այդպիսին էր, ոչնչից չէր բողոքում․․․»։

Վերջին անգամ տիկին Աիդան որդու հետ խոսել է թշնամու հարձակումից րոպեներ առաջ, երբ Սարգիսը հերթափոխից վերադարձել էր․

«Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23։05 եմ խոսել տղայիս հետ, 40 րոպե հետո չարաբաստիկ պատերազմը սկսվեց։ Ես ժամը 22։00-ի կողմերը զանգել էի, բայց չէր պատասխանել։ 23։05 զանգեց, ասեց՝ մերս, պոստի էի կանգնած, չէի կարող պատասխանել, ասեց՝ եկել ենք, տղերքով հաց ենք սարքում, որ ուտենք, մինչև ժամս լրանա՝ նորից պոստ կանգնեմ։ Ինքը բոյով, թափով տղա էր, ամեն անգամ ասում էի զգույշ լինի, գլուխը շատ չբարձրացնի։ Էդ օրն էլ ասացի՝ բալես, դու բոյով ես, գլուխդ չբարձրացնես, թուրքերը մոտ են, ասեց՝ մերս, ամեն զանգիդ դա ես ասում, թուրքն ի՞նչ գործ ունի մեր կողքին․․․ Դա է եղել մեր վերջին զրույցը»։

Այս հեռախոսազանգից ժամեր անց՝ առավոտյան 7-ին, Սարգսի հորաքույրն է զանգահարել և պատերազմի լուրը հայտնել։ Դրանից հետո մի քանի անգամ փորձել են հեռախոսով կապ հաստատել Սարգիսի հետ, բայց հեռախոսազանգերին պատասխանող այդպես էլ չի եղել:

«Փորձեցի իրեն զանգել, բայց մինչև ժամը 12։00-ն բացարձակ կապ չկար, 12-ից հետո մի պահ զանգ գնաց, բայց Սարգիսս չպատասխանեց։ Կապը նորից ընդհատվեց։ Մինչև ժամը 3-ը 2 հատ էլ զանգ գնաց, բայց տղես ընդհանրապես չպատասխանեց։ Մեզ հետո փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում է դեպքը եղել․․․

Տղայիցս ոչ մի լուր չունենալով, ես ու ամուսինս ԴՆԹ անալիզ հանձնեցինք, 14 օր հետո՝ սեպտեմբերի 27-ին, պատասխանը եկավ, քննիչը տեղեկացրեց, որ մեր տղան է։ Սեպտեմբերի 28-ին Սարգսիս տվեցին մեզ։ Սեպտեմբերի 29-ին Թալինի զինվորական պանթեոնում հուղարկավորեցինք․.․»։

Տեսանյութեր

Լրահոս