«Սենց որ գնաք՝ մինչև տարեվերջ է՛լ բան չի մնա կառավարելու՝ կգնանք տուն». Քաղաքապետ
Նոյեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում վարչական շրջաններում թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 79 հեռախոսազանգ, 19-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Ամենաշատը՝ 16 հեռախոսազանգ ստացվել են Կենտրոն վարչական շրջանից: Տեղեկությունն այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Արսենյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմում թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 442 հեռախոսազանգ, որոնցից 271-ին տրվել է լուծում կամ պատասխանել են քաղաքացուն, մնացած 171 հեռախոսազանգի ընթացքում տրված հարցերով շարունակում են զբաղվել:
«Նշված 442 հեռախոսազանգերից կոմունալ, կենցաղային բնույթի են եղել 175-ը, որից աղբահանություն՝ 24, մասնավորապես՝ աղբամանից աղբի տեղափոխում՝ 9, աղբի տեղափոխման խնդրանք՝ 8, աղբամանի խնդիր՝ 7, տարածքի սանիտարական մաքրում՝ 49, վերելակի անսարքություն՝ 21, որից հին՝ 11, և նոր՝ 10: 11 զանգ կապված է եղել դիտահորի խնդրի հետ, 10-ը՝ ջրամատակարարման, ջրագծի վթարի, իսկ 14-ը եղել է կոյուղու վերաբերյալ: 55 հեռախոսազանգ եղել է բնապահպանությանն առնչվող: Քաղաքաշինական աշխատանքների վերահսկողություն, այդ թվում՝ ինքնակամ շինարարության, հողազավթման հետ կապված 61 զանգ է եղել, որից 15-ում առկա է եղել շինթույլտվություն, 11-ը եղել է առանց թույլտվության, 7-ը՝ թույլտվություն չպահանջող, 21-ը ուսումնասիրության ընթացքում է»,- մանրամասնեց Վահան Արսենյանը՝ հավելելով, որ 442 հեռախոսազանգերից 108-ը վերաբերել է Կենտրոն վարչական շրջանին, 69-ը՝ Արաբկիր, 55-ը՝ Նոր Նորք, 45-ը՝ Շենգավիթ, 33-ը՝ Աջափնյակ, 29-ական՝ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, 19-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 11-ը՝ Դավթաշեն, 3-ը՝ Նորք- Մարաշ, 10-ը՝ Ավան, 3-ը՝ Նուբարաշեն, իսկ 28-ը՝ անհասցե:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց. «Որ ասում եք՝ 61 հողազավթում, ուզում եմ հասկանալ՝ զանգից հետո հաստատվել է, որ դա հողազավթո՞ւմ է, թե՞ քաղաքացին զանգել, ասել է, որ հողազավթում է, հետո գնացել ենք, նայել, տեսել եք, որ փաստաթուղթ կա, թույլտվություն կա: Հնչեցրե՛ք այն դեպքերը, որտեղ խնդիր կա: Հիմա, եթե քաղաքացին զանգահարել ու ասել է, որ այստեղ ինքնակամ շինություն կա, բայց պարզվել է, որ թույլտվություն կա, դրանց մասին պետք չէ հնչեցնել: Առաջին տպավորությունն այն է, որ մեկ շաբաթում 61 ինքնակամ շինություն, հողի զավթում է եղել: Սենց որ գնաք՝ մինչև տարեվերջ էլ բան չի մնա կառավարելու՝ կգնանք տուն»:
Հրաչյա Սարգսյանը հորդորեց զեկուցել միայն այն ահազանգերի և բողոքների մասին, որոնք հաստատվել են:
«Թե չէ տենց մի հոգու կդնեմ՝ անընդհատ կզանգի, կբողոքի»,- հավելեց քաղաքապետը: