Շերտակտավի վարպետ Մոնի Հովսեփյանի երախտագիտության ուղերձը Ֆրիտյոֆ Նանսենին
Գրաֆիկ-նկարիչ, քվիլտինգի վարպետ Մոնի Հովսեփյանի վերջին տասը տարիների աշխատանքներն այս օրերին «Ժամանակի անիվը» խորագրով ցուցադրված են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում:
«Երախտագիտություն՝ դարի երկայնքով» աշխատանքը նկարչուհու՝ «Ժամանակի անիվը» խորագրով անհատական ցուցահանդեսի վեց աշխատանքներից մեկն է, որի վրա աշխատել է շուրջ կես տարի: Շերտակտավը երախտագիտության ուղերձ է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին, որի ջանքերով 1922 թ.-ին ստեղծվեցին Նանսենի անձնագրերը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 320 հազար հայի հնարավորություն տալով քաղաքացիություն ստանալ աշխարհի 52 երկրում:
Մոնի Հովսեփյանն այս աշխատանքը պատրաստվում է նվիրել Նորվեգիայում՝ Լիսակերում գործող Նանսենի թանգարան-ինստիտուտին:
«Եթե ուշադիր նայեք, կտեսնեք հայ փախստականների՝ թեև գիտենք, որ Նանսենն այդ ժամանակ օգնել է ոչ միայն հայերի, պատկերված է մեր երկրագունդը՝ անհավասար մասերի բաժանված, ինչը նշանակում է, որ միշտ պատմության մեջ այս ամենը կատարվում է՝ անընդհատ իրարից պոկում են: Սա, ցավոք սրտի, հիմա նաև մեզ հետ էլ է կատարվում: Նաև նրա համար եմ ցավում, որ Նանսենի նման մարդ չեմ տեսնում, որը կարող է զբաղվել այդ քանակությամբ դժվարությամբ անցնող մարդկանցով»,- 168.am-ի հետ զրույցում իր աշխատանքի դրվագները ներկայացնելիս՝ մեկնաբանեց նկարչուհին:
Ի դեպ, քվիլտի հայերեն համարժեքը՝ «շերտակտավ»-ը, Մոնի Հովսեփյանի մտահղացումն է. նկարչուհու ձեռքով այս աշխատանքներում ոչ միայն կտորներն են շերտ-շերտ միանում իրար, այլև ժամանակը, պատմությունն ու գույները, որի յուրաքանչյուր փոքրիկ դրվագ մի մեծ պատմություն է իր մեջ կրում:
Մանրամասները՝ տեսանյութում