Բաժիններ՝

Դիջեյ փարթիից հետո՝ ԱԳԿ-ում պատմամշակութային արժեքներին ֆիզիկական և բարոյական վնաս հասցնելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Մինչ 4 տարի շարունակ «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնությունը փորձում է Կառավարության թույլտվությունը ստանալ՝ վերականգնելու Պարիս Հերունու ստեղծած աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակը, այդ ռադիոդիտակն ու հարակից հուշարձանները պարբերաբար արժանանում են անփույթ վերաբերմունքի:

Նշենք՝ ռադիո-օպտիկական աստղադիտակը 2012 թվականից հանձնվել է Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» հիմնարկին, որը պետությունից ամեն տարի 45 միլիոն դրամ է ստանում՝ անտենային չափումների էտալոնների պահպանման և զարգացման նպատակով: Սակայն պարզվում է, օրինակ, 2019 թ. այդ էտալոններից երկուսը գողացվում են փակ, կնքված դռան պայմաններում, իսկ 2022 թվականի միջազգային դիջեյ փարթիի օրերին «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանն ահազանգում է պատմամշակութային արժեքներին ֆիզիկական և բարոյական վնաս հասցնելու մասին:

Բայց սա դեռ սկիզբն է երկանց. «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավարն օրերս նաև տեղեկացրել էր․ «Արագածոտնի քննչական վարչության քննիչի հետ այցելել էի Արագածի գիտական կենտրոնը (ԱԳԿ) քննչական գործողության կատարմանը մասնակցելու հրավերով։ Երեք ժամ տևեց։ ԱԳԿ-ում սեպտեմբերին փառատոն կազմակերպելու արդյունքում պատմամշակութային արժեքներին ֆիզիկական և բարոյական վնաս հասցնելու հետ կապված հարուցված է քրեական գործ՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲԸ-ի։ Մանրամասները չեմ բացահայտի քննչական գործողությունների ընթացքին չխանգարելու պատճառով»։

168.am-ի հետ զրույցում արդեն Արևիկ Սարգսյանը մանրամասնեց, որ թեև Արագածի գիտական կենտրոնը համարվում է նորահայտ պատմամշակութային հուշարձան, իսկ կենտրոնի 11 ենթահուշարձանները պետության հովանու ներքո են, այդուհանդերձ, 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն այս տարածքում կայացած էլեկտրոնային երաժշտության փառատոնիև քեմփինքի օրերին անհրաժեշտ պահպանություն և ուշադրություն չի դարձվել դրանց:

«Սեպտեմբերյան տխրահռչակ փառատոնի, կազմակերպման ընթացքի հետ կապված մեր պայքարը մենք սկսել էինք դեռ օգոստոսի վերջից և նամակներ ուղղելով Կառավարության համապատասխան ատյաններին՝ այդ թվում՝ ԿԳՄՍ Պատմամշակութային արժեքների պահպանման վարչություն՝ խնդրելով ուշադիր լինել այն փաստին, որ վայրին բոլորովին անհամապատասխան միջոցառում է նախապատրաստվում,- ասաց նա՝ նկատելով, որ իրենց մտահոգությունն առնչվում էր՝ ինչպես բարոյական տեսանկյունին, այնպես էլ՝ մարդկանց ու հուշարձանների անվտանգության հարցերին,- ԿԳՄՍ նախարարության համապատասխան ներկայացուցիչներն ինձ հետ այցելեցին տարածք, տեսան ընթացիկ նախապատրաստական աշխատանքները, պաշտոնապես գրավոր արձանագրեցին, որ հուշարձաններին ոչ մի ֆիզիկական վնաս այդ պահին չի հասցվել, սակայն փորձեցին ՍՉԱՄ-ի և միջոցառումը կազմակերպող «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությանը հետին թվով ուղղորդել և բացատրել, թե կարգն ինչպես է լինում. ասել է թե՝ եթե պատմամշակութային հուշարձանում միջոցառման անցկացման թույլտվություն է տրվում, ապա նախապես լիազոր մարմինը, որն այս պարագայում ԿԳՄՍՆ վարչությունն է, պետք է տեղեկացվեր կատարվելիք բոլոր փոփոխությունների մասին՝ արտոնելով կամ չարտոնելով դրանք: Իմ տեղեկությամբ՝ ԿԳՄՍՆ-ում մինչ օրս չեն ստացել այդ բովանդակությամբ որևէ գրավոր փաստաթուղթ»:

«Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախաձեռնության ղեկավարը հավելեց՝ սեպտեմբերի 2-ից հետո շատ բան է փոխվել պատմամշակութային հուշարձանի տարածքում, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացրել է՝ ինչպես Ֆեյսբուքյան հրապարակումներով, այնպես էլ՝ ուղղակի դիմելով ԿԳՄՍՆ համապատասխան վարչությանը:

Ու թեև այդ ընթացքում իրենց նախաձեռնող խմբի բարձրացրած աղմուկը կանխել է փառատոնի կազմակերպիչների մի շարք «ինքնագործունեությունները», այդուհանդերձ, հուշարձանների ֆիզիկական վնասներից չի ստացվել խուսափել:

«Ընթացքում շատ բաներ էինք տեսնում լուսանկարներով. օրինակ, հատուկ ստրուկտուրաները գցել էին դուրս՝ որպես դեկորացիա, սակայն աղմուկից հետո՝ հետ էին դրել, նախապատրաստական աշխատանքների ժամանակ հուշարձաններից մեկի՝ Սֆերա համալիրի վրա սկսել էին հավաքել մի դիվային քանդակ (զարդարված առնանդամներով), որի մասին մեր ահազանգերից հետո ՍՉԱՄ-ին ստիպեցինք ապամոտաժել այն (հուշարձանին տրված հարվածը ինչպես բարոյական էր, այնպես էլ՝ ֆիզիկական):

Այսինքն՝ ընթացքում մեր միջամտելը որոշ արդյունքներ տվեց, բայց այնուամենայնիվ, կան վիդեոփաստեր՝ առ այն, որ օրինակ, մեծ անտենայի մակերեսի և փոքր հայելին կրող մետաղական կոնստրուկցիայի վրա մարդիկ քայլել են միջոցառման ժամանակ (զոդված և կողպած բոլոր մուտքերից մեկը բացվել է, որովհետև այլ կերպ հնարավոր չէր մտնել տարածք), իսկ միջոցառումից հետո, արդեն հոկտեմբերին, մի ռուս օգտատեր իր ինստագրամում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են անվաչմուշկներ վարում ռադիոդիտակի մակերեսի` բարձր ճշգրտությամբ մշակված թիթեղների վրա»,- մանրամասնեց Արևիկ Սարգսյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ քննիչի խնդրանքով անցյալ կիրակի օրն անձամբ է եղել Արագածի գիտական կենտրոնում, մանրամասն դիտարկվել են այն օբյեկտները, որոնց մասին ահազանգել էին ավելի վաղ, ապա նշեց՝ այդ օրը լուսանկարահանել է անտենայի շարժական մետաղական մասի վերևի հատվածը, որում ակնհայտ է ինչ-որ սարքի առկայություն, ինչն էլ, ըստ նրա, հերթական անգամ փաստում է, որ մարդիկ բարձրացել են այնտեղ, քանդել եղածը և ինչ-որ բան ամրացրել ու այդպես էլ թողել:

«Մնացածն արձանագրված է քննիչի մոտ: 11 հուշարձաններից՝ անտենայի, կառավարման պուլտերի շենքի, «Արև» կայանի, «Սֆերա» և «Համբերտ» համալիր գործիքների վերաբերյալ արձանագրություններ են արվել, և պետք է իրականացվի փորձաքննություն:

Կարծում եմ՝ փորձագետները պետք է գնահատեն ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասը»,- մանրամասնեց «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» -ի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ քրեական գործն իսկապես օբյեկտիվ կերպով կհանգուցալուծվի:

Հիշեցնենք՝ «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» ծրագրի անդամների կողմից ռադիոդիտակը վերագործարկելու խնդրով այս կառավարության հետ երկարատև նամակագրությունները բախվել են կա՛մ մերժումների, կա՛մ ձգձգումների, իսկ ռադիոդիտակը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից առանձնացնելու և Պոլիտեխնիկական համալսարանի գիտահետազոտական և ուսումնական բազա դարձնելու առաջարկը ցայսօր առկախ վիճակում է:

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»-ը խանդով է վերաբերվում «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ի անդամների ներկայությանը աստղադիտակի տարածքում, իսկ որ ամենահետաքրքրականն է՝ նրանց ամեն կերպ խոչընդոտում են ներկայացնել ռադիոդիտակին առնչվող հարցերն ու խնդիրները:

Խանդի հերթական դրվագի մասին 168.am-ը տեղեկացրել էր ամիսներ առաջ, երբ ամերիկյան կրթական և գիտական բազմալեզու Discovery Channel–ը հուլիսի 26-ին նախատեսել էր «Գիտական և ինժեներական լքված հսկաներ» հաղորդման հերթական նկարահանում իրականացնել Պարիս Հերունու ստեղծած ռադիոդիտակի տարածքում, սակայն պարզվում է՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ղեկավարությունը չի ցանկանում, որ նկարահանող թիմն իր աշխատակիցներից զատ՝ լսի այլ կարծիք, այդ թվում՝ «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն»-ի ղեկավարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս