Հայաստանից արտահանում են ոչ միայն այն, ինչ արտադրում ենք, այլև դրսից ներմուծածը. Վարդան Արամյան
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Վարդան Արամյանի համոզմամբ՝ ինչպես 2002-2008 թվականներին, այնպես էլ հիմա, Հայաստանում առկա է փողի հոսք դրսից, սակայն չունենք տեխնոլոգիական առաջընթաց, չկան ներդրումներ, և տնտեսության ակտիվությունը պայմանավորված է դրսի տրանսֆերտներով. փող է լցվում երկիր, սակայն վատն այն է, որ դրսից եկած գումարներով ծաղկում է հիմնականում ռեստորանային բիզնեսը՝ խլելով արտահանելի հատվածից իր ռեսուրսները։
«Արտահանելի հատվածում փոխարժեքն արժևորվում է՝ եկամուտները կրճատվում, ոչ արտահանելի հատվածում հակառակն է տեղի ունենում, հետևապես՝ արտահանելի հատվածում աշխատողը մտածում է՝ գնամ ադամանդագործության ֆաբրիկայում աշխատեմ և ստանամ 10 հազար դրա՞մ, թե՞ գնամ կապիտալ շինարարության ոլորտ, պարկ տեղափոխեմ և ստանամ 200 հազար դրամ. բնականաբար, մարդն ընտրում է երկրորդը։ Սա վտանգավոր է նրանով, որ եթե տնտեսության առաջնորդողը ոչ արտահանելի հատվածն է, երբ դրսից ֆինանսական հոսքը, փողը կրճատվի, այդ հատվածում շինարարություն չեն անի, մարդկանց աշխատանքից կազատեն։ Դրսից փողը կրճատվեց, ռեստորանը կփակեն, մարդկանց աշխատանքից կազատեն։ Նման քաղաքականությունը բերելու է գործազրկության աճի, ուստի պետք է շեշտը դնել տնտեսության արտահանելի հատվածի վրա, որովհետև այդ հատվածն է, որ կարողանում է դիմակայել արտաքին շոկերին»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ քանի որ տնտեսության ոչ արտահանելի հատվածը ծանր վիճակում է, ուստի ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանից արտահանում են ոչ միայն այն, ինչն արտադրվում է, այլև մեր երկիր ներմուծածը։
«Հայաստանից արտահանում են նաև ոչ թե այն, ինչ արտադրում ենք, այլև դրսից ներմուծածը»,- ընդգծեց Արամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում