Եթե ուզում ես արդի գիտություն ունենալ, ոչ միայն նորագույն սարքավորում, այլև ֆինանսավորում է անհրաժեշտ շահագործելու համար. Գոռ Գևորգյան
«ԽՍՀՄ-ից հետո արդեն տասնյակ տարիներ Հայաստանի գիտությունն անմխիթար վիճակում է, և 1-2 տարում, կարծում եմ, այն հնարավոր չէ վերականգնել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը՝ հավելելով, թե վերջին տարիներից սկսված գործողությունները պետք է ինտենսիվ լինեն ու շարունակական բնույթ կրեն:
«Դրական միտում կա գիտության ոլորտում, մասնավորապես՝ ֆինանսավորման, ինչպես նաև տեղեկատվության բարձրացման առումով: Սակայն ասել, որ սա բավարար է գիտության համար՝ ճիշտ չէ, քանի որ դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, վերականգնելու այն գիտությունը, որը կցանկանանք ունենալ: Բավական հետ ենք միջազգային գիտությունից՝ տեխնոլոգիական առումով, որը մեծ գումարներ է պահանջում, իսկ մտավոր առումով, կարող եմ ասել, որ նույնիսկ մրցունակ ենք: Այսօր գիտական կազմակերպությունները կարողանում են դրամաշնորհային ծրագրերով ձեռք բերել թանկարժեք սարքեր: Սակայն, միևնույն է, բացեր դեռևս կան, քանի որ, եթե նույնիսկ գնվում է մեկ թանկարժեք սարք, շատ դեպքերում խնդիր է առաջանում այդ սարքի շահագործման, պահպանման համար, քանի որ այս ամենն անընդհատ բավարար չափի ֆինանսավորում է պահանջում, որպեսզի կարողանան ձեռք բերել այն նյութերը, որոնք անհրաժեշտ են սարքի շահագործման համար. դրանք բավականին թանկարժեք են և ծախսատար: Հետևաբար, եթե դու ուզում ես ունենալ տեխնոլոգիական առումով արդի գիտություն, դա ոչ միայն պահանջում է նորագույն սարքավորում, այլև ֆինանսավորում՝ այն շահագործելու համար»,- նշեց Գոռ Գևորգյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ունենալ այնպիսի գիտություն, որը լիովին մրցունակ կլինի միջազգային, հատկապես զարգացած երկրների գիտական մակարդակի նկատմամբ:
Իսկ թե ի՞նչ անել աշակերտին գիտությանը մոտեցնելու և մասնագետին ոլորտում պահելու համար՝ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչն այս հարցի պատասխանն էլ ունի. «Աշակերտներին պետք է հենց դպրոցից պրակտիկ գիտական ուղղությունները ցույց տալ, որպեսզի տեսնեն, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, ի՞նչ արդյունքներ են ստացվում, որպեսզի երեխան իր մեջ եղած հակումն ավելի արթնացնի և ձգտում ունենա: Իսկ եթե հակումը կա, բայց նա չի տեսնում, ժամանակի ընթացքում նրա մոտ մարում է այդ ցանկությունը: Անհրաժեշտ է իրականացնել աշակերտ-գիտություն կապի սերտացում: Պետք է պարբերաբար հաճախեն գիտական կազմակերպություններ, ինչո՞ւ ոչ՝ նաև մասնակցեն գիտական գործընթացների: Իսկ մասնագետներին ոլորտում պահելու համար այսօր 2 գործոն է հարկավոր. դա ֆինանսավորման բարձրացումն է, այսինքն, մարդու աշխատավարձը պետք է լինի բավարար: Մարդն ինչքան էլ սիրի գիտություն ու այն համարի առաջնային՝ միևնույն է, պետք է ապրի, ընտանիքը պահի: Միայն հազվագյյուտ մարդիկ են, որ կարող են մնալ գիտության մեջ այդ պարագայում»,- ընդգծեց Գոռ Գևորգյանը:
Նրա խոսքով, շատ կարևոր է նաև գիտության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, գործուղումների հնարավորություններ տալ:
«Այս պայմանները որ լինեն՝ համոզված եմ, որ նույնիսկ մեր լավ մասնագետները, որ արտասահմանում են գիտական գործունեություն ծավալում, մի մասը կվերադառնա, քանի որ բոլորն էլ կցանկանան իրենց երկրում աշխատել: Պարզապես պետք է լինեն համապատասխան պայմաններ, գրավիչ աշխատավարձ: