«Իրանական կողմն իր ունեցած ողջ գործիքակազմը կիրառելու է՝ որպեսզի ազգային անվտանգության համար սպառնալիքները, որոնք բխում են Ադրբեջանի տարածքից՝ չեզոքացնի». Վարդան Ոսկանյան
Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանին սկսած զորավարժություններն ուղղված էին Ադրբեջանի դեմ և ի պաշտպանություն Հայաստանի։ Հայտարարությունից մեկ օր անց Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ ասել էր.
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել էր Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։
Այս ամենից հետո, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հրավիրվել էր Իրանի արտգործնախարարություն: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչությունն էր և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները:
Դեսպանին հայտնել էին, որ Իրանն ակնկալում է, որ այդ ամենին հնարավորինս շուտ վերջ կդրվի և անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նման երևույթները հետագայում կանխելու համար։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրան-Ադրբեջան այս հայտարարություններին և հնարավոր զարգացումներին, պնդեց՝ անկախ հռետորաբանությունից, որն Իրան-Ադրբեջան հարաբերություններում պարբերաբար սրվում է, երբեմն՝ թուլանում, երբեմն էլ՝ տպավորություն է ստեղծվում, թե հարաբերությունները նորմալացել են, միանշանակորեն Իրանի իշխանության բոլոր օղակների և իրանցիների համար Ադրբեջանն իր էությամբ հակաիրանական կազմավորում է։ Այսինքն՝ ըստ էության Ադրբեջանական Հանրապետություն կոչվող արհեստածին կազմավորման գոյության պատճառներից մեկը հակաիրանականությունն է, զուգահեռ՝ հակահայկականությունն ու հակառուսականությունը։
«Իրանում այլևս որևէ պատրանք չկա, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն, ըստ էության, քաղցկեղածին գոյացություն է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը, ընդ որում, խնդիրներ ունենալով իր բոլոր հարևանների հետ, պարբերաբար նաև սպառնալից հռետորաբանությամբ, ուժի ցուցադրության դրսևորումներով փորձ է կատարում իր թշնամական վերաբերմունքն ի ցույց դնել, հատկապես Իրանի նկատմամբ։ Հետևաբար՝ իրանական կողմն իր ունեցած ողջ գործիքակազմը կիրառելու է՝ որպեսզի իր ազգային անվտանգության համար սպառնալիքները, որոնք բխում են Ադրբեջանի տարածքից՝ չեզոքացնի։ Ընդ որում, կա մի յուրահատկություն՝ Ադրբեջանը ոչ միայն հակաիրանական է իր էությամբ, բնույթով՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլև այս կազմավորման տարածքը դարձել է հակաիրանական գործողությունների պլացդարմ երրորդ կողմերի համար։ Մասնավորապես՝ գաղտնիք չէ, որ այդ պլացդարմն օգտագործվում է Իսրայելի կողմից, ՆԱՏՕ-ական այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին Թուրքիան է, ուստի պարզ է, որ Ադրբեջանի և Իրանի միջև խնդիրները այնքան բարդ ու բազմաշերտ են, որ դրանց լուծումն առնվազն տեսանելի ապագայում ակնկալելն իրատեսական չի կարող լինել։ Հետևաբար՝ Իրանն իր քաղաքականությունը ծրագրելիս ելնում է հենց այս առանցքային մոտեցումից»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ դատելով Բաքվի բռնապետի վերջին բարբաջանքներից, խոսքը Արցախի բռնազավթված Շուշիում նրա հայտարարության մասին է, ակնհայտ է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այսպես կոչված, իրենց երազանքը՝ «թուրանական միջանցքը», որևէ պարագայում չի կարող իրականություն դառնալ, նաև և շատ դեպքերում հաշվի առնելով իրանական կոշտ դիրքորոշումը, ինչն իրանցիներն իրենց համար համարում են «կարմիր գիծ»։
«Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը չի կարող չհասկանալ այն դիրքորոշումը, որը բնորոշ է Իրանին՝ որպես տարածաշրջանում ՀՀ անվտանգության մեկ բաղադրիչ ապահովող կարևորագույն բարեկամ երկիր։ Այսինքն՝ պարզ է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով ադրբեջանական կողմը ձգտելու է ամեն կերպ թուլացնել Իրանի դիրքերը մեր տարածաշրջանում, սա վերաբերում է նաև քարոզչական տիրույթին։ Պարզ է, որ ադրբեջանական կողմից փորձ է արվում քարոզչական ճնշում գործադրել Իրանի վրա, հատկապես, իրանական թուրքալեզու նահանգների վրա, որոնք բնակեցված են ատրպատականցիներով։ Սրանք ադրբեջանցիներ չեն, այս տարածքի բնակչությունը իրանական պետականությանը հավատարիմ կարևորագույն խմբերից մեկն է, բայց փորձ է կատարվում պանթուրքիստական զանազան գործիքակազմերի գործադրմամբ այստեղ որոշակի խժդժություններ հրահրել։
Մյուս «ուղղությունը», որտեղ Արբեջանն ըստ էության, ինչպես ասում են, մինչև կոկորդը խրված է՝ ահաբեկչության սատարումն է, նաև այդ ահաբեկչության ծրագրումը։ Մասնավորապես՝ շիայական իսլամի համար կարևորագույն սրբավայրերից մեկի՝ Շիրազի Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում դրան մասնակցել են Ադրբեջանի տարածքից դուրս եկած ծայրահեղականներ, ահաբեկիչներ, և սա ըստ էության փոխում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստը։ Իրանում Ադրբեջանն արդեն համարվում է ահաբեկչությանը սատարող պետություն»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով՝ նաև պարարտ հող է ստեղծվել հայ-իրանական հարաբերությունների համար երկու կարևոր ոլորտներում, թեպետ այդ ոլորտները բազմաթիվ են, սակայն իրանագետը երկու կարևոր ոլորտ առանձնացրեց։ Նախ՝ հնարավորություն է ստեղծվել հայ-իրանական հակաահաբեկչական հարթակ ստեղծելու, և երկրորդ՝ Հայաստան-Իրան քարոզչական գործողությունները համակարգող հարթակ։ Ընդ որում, այդ երկու հարթակներին էլ Հայաստանը կարող է մասնակից դարձնել նաև Ռուսաստանին, քանի որ մարտահրավերների և սպառնելիքների զգալի մասն ընդհանուր են Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի համար։ Հետևաբար՝ Հայաստանը կարող է հանդես գալ մոդերատորի կարգավիճակում նման հարթակներ ստեղծելու առումով։