Ռուսաստանն այլևս չի կարողանա մանևրել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Eadaily.com

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու հարաբերությունների մասին ծավալուն վերլուծություն է կատարել eadaily.com կայքի քաղաքական մեկնաբան Պյոտր Մակեդոնցևը:

168.am-ը հրապարակումը թարգմանաբար ներկայացնում է ամբողջությամբ:

Վերջին շրջանում Անդրկովկասից լավագույն լուրերը չեն գալիս՝ կապված ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Այդ լուրերը վկայում են Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության արմատական ​​բեկման մասին։

Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի ճակատագրից որոշակի մեկուսացվածության ֆոնին նոյեմբերի 4-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ղեկավար դարձավ ՌԴ նախկին քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանը։

Այս իրադարձությունը պատճառ դարձավ, որ Ադրբեջանում շարունակվի հակառուսական տեղեկատվական արշավը։ Ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին պնդել, թե իբր Ռուսաստանն է կանգնած Անդրկովկասյան տարածաշրջան Ռուբեն Վարդանյանի տեղափոխության և Ղարաբաղի քաղաքականությանը մասնակցության հետևում։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները Վարդանյանին և Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովին մեղադրել էին հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն աջակցության հանրահավաք կազմակերպելու մեջ։

Այս հանրահավաքը համընկավ չճանաչված Հանրապետության Խորհրդարանի արտահերթ նիստի հետ, որից ավարտից հետո հայտարարվեց, որ ղարաբաղցի հայերը չեն պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում և իրենց ապագան տեսնում են՝ որպես անկախ պետություն։

Եվ վերջապես, ադրբեջանական լրատվամիջոցները ռուս խաղաղապահներին մեղադրեցին Լաչինի միջանցքով ղարաբաղցի հայերին զենք մատակարարելու մեջ։ Ու թեև ԼՂՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հասցրեց հերքել այս մեղադրանքը, այնուամենայնիվ, չի կարելի հերքել ակնհայտը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Հայաստանի հետ շրջադարձային փուլ են ապրում։

Պատճառները բացատրելու համար, թե ինչու և ինչպես է Ռուսաստանը հասել իր ներկայիս հարաբերությունների հանգրվանին Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ, պետք է հետ նայել այն ժամանակներին, երբ Ադրբեջանն ու Հայաստանն անկախացան Խորհրդային Միությունից:

Անդրկովկասյան երկու պետությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ինչ-որ բան կարելի է քաղել Անկախության հռչակագրերից։

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտում հենց սկզբում կարդում ենք.

«1918 թ.մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ վերսկսելով ադրբեջանական ժողովրդի պետականության դարավոր ավանդույթները։ Ադրբեջանի Հանրապետությունը, տիրապետելով իր տարածքում ամբողջ պետական ​​իշխանությանը, վարում էր ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն։ Ստեղծվել և գործում էին անկախ պետությանը բնորոշ ինստիտուտներ՝ Խորհրդարանը, կառավարությունը, բանակը, ֆինանսական համակարգը։ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվել էր բազմաթիվ օտարերկրյա պետությունների կողմից և դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Բայց 1920 թ. ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ-ն, կոպտորեն խախտելով միջազգային իրավական նորմերը, առանց պատերազմ հայտարարելու՝ իր զինված ուժերի զորամասերը մտցրեց Ադրբեջան, օկուպացրեց ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության տարածքը, բռնի կերպով տապալեց օրինական ընտրված իշխանություններին և վերջ դրեց անկախությանը, որը ձեռք էր բերվել ադրբեջանական ժողովրդի հսկայական զոհաբերությունների գնով։

Դրանից հետո Ադրբեջանը, ինչպես և 1806-1828 թվականներին, կրկին բռնակցվեց Ռուսաստանին։ ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թ. դեկտեմբերի 30-ի պայմանագիրը նպատակ ուներ ամրապնդել այս անեքսիան։ Հետագայում 70 տարի Ադրբեջանի Հանրապետության դեմ գաղութատիրության քաղաքականություն է տարվել, Ադրբեջանի բնական ռեսուրսներն անխնա շահագործվել է, նրա ազգային հարստությունը՝ գողացվել, իսկ ադրբեջանական ժողովուրդը ենթարկվել է հալածանքների և բռնաճնշումների, ոտնահարվել է նրա ազգային արժանապատվությունը։ Չնայած դրան՝ ադրբեջանական ժողովուրդը շարունակեց պայքարը հանուն պետական ​​անկախության։ Դրա արդյունքն էր 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին» հռչակագրի ընդունումը։

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ 1991 թ. Ադրբեջանում թե՛ Ռուսական կայսրությունը, թե՛ Խորհրդային Միությունը թշնամի էին համարվում։ Ստացվում է, որ ադրբեջանցի ազգայնականների համար մերժվածության աստիճանի առումով Ռուսաստանը հայերից էլ վատն է եղել։ Նույնը հստակ նշված է այս սահմանադրական ակտի առաջին հոդվածում.

«1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ 11-րդ բանակի ներխուժումն Ադրբեջան, հանրապետության տարածքի բռնակցումը, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության տապալումը Ռուսաստանի կողմից անկախ Ադրբեջանի օկուպացիան է հանդիսանում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությանը (ԱԴՀ), ապա այս պետությունը անմիջապես դարձավ Օսմանյան կայսրության դաշնակիցը և թշնամական քաղաքականություն վարեց Ռուսաստանի նկատմամբ, քանի որ փորձում էր հասնել Հյուսիսային Կովկասի անջատմանը։ ԱԴՀ-ն հավասարապես թշնամաբար էր տրամադրված ինչպես Սպիտակ շարժման, այնպես էլ Կարմիրների նկատմամբ: Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ԱԴՀ-ն դարձավ Մեծ Բրիտանիայի դաշնակիցը։ Այսինքն՝ ժամանակակից Ադրբեջանում Ռուսաստանի մերժումն օրգանապես կապված է ԱԴՀ-ի ավանդույթների հետ։

Իսկ ի՞նչ իրավիճակ էր Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի հակառակորդ Հայաստանի պարագայում։ 1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որի նախաբանում ընդհանրապես չէր նշվում Ռուսաստանը.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը…»:

Այստեղ անհրաժեշտ է հստակեցնել երկու կարևոր պահ: Նախ 1918թ.-ին ստեղծված Հայաստանը թշնամական հարաբերությունների մեջ էր միայն Կարմիրների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ էլիտայի և մտավորականության շատ ներկայացուցիչներ միտված էին դեպի Անտանտի երկրներ, Հայաստանի բնակչության և նրա իշխանությունների մեծ մասը սատարում էր Սպիտակ շարժմանը։

Երկրորդ, նկատելի է, որ չնայած Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու և 1920-ական թվականներին խորհրդաթուրքական համագործակցության հետ կապված կոմունիստներին ուղղված պրետենզիաներին, Հայաստանն իր Անկախության հռչակագրում փորձեց կտրուկ հարձակումներ չգործել Ռուսաստանի հասցեին, ինչպես արեցին Ադրբեջանում։ Եվ դա այն դեպքում, որ Արևմուտքի երկրներում հաստատված հայկական սփյուռքն ատում էր Խորհրդային Միությունը։

Ճիշտ է, սուտ կլինի պնդել, որ Հայաստանի անկախության հռչակագրում այլ պետությունների դեմ հարձակումներ չկան։ 11-րդ հոդվածում հարձակում կա, բայց ոչ թե Ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության, այլ մի պետության դեմ, որն այն ժամանակ ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ էր, այլ նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դաշնակիցը.

«Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին»։

Լեռնային Ղարաբաղի հետ ամեն ինչ ավելի պարզ էր: Այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված հռչակագրում ասվում էր.

«ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,

արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը,

արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,

հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը,

նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից և հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,

ձգտելով հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա…»:

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ղարաբաղահայությունը նույնիսկ 1991 թվականին կատարվածի համար ամենից շատ մեղադրում էր ոչ թե Մոսկվային, այլ Ադրբեջանական ԽՍՀ իշխանություններին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ​​անկախության հռչակման մասին 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված հռչակագրի նախաբանում նույնպես հակառուսական մոտիվները բացակայում են:

«Ելնելով ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքից, հիմնվելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական ​​հանրաքվեով փաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կամարտահայտության վրա, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, վերահաստատելով 1991 թ. սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը, ձգտելով կարգավորել հարաբերությունները հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև,  ցանկանալով պաշտպանել ԼՂՀ բնակչությանը ագրեսիայից և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքից, զարգացնելով 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղի անկախ ժողովրդական ինքնակառավարման փորձը, պատրաստակամություն հայտնելով հաստատել հավասար և փոխշահավետ հարաբերություններ բոլոր պետությունների և պետությունների համագործակցությունների հետ, հարգելով և հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ՝տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի սկզբունքներին, անվտանգության և համագործակցության եվրոպական խորհրդակցությանը մասնակցող երկրների՝ Վիեննայի հանդիպման վերջնական փաստաթղթին և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված այլ նորմերին…»:

Այդուհանդերձ, չնայած ձևակերպումների նման աչքի զարնող տարբերությանը, Ռուսաստանը, թեև ոչ այդքան վարպետորեն, բայց այս տարիների ընթացքում փորձել է ձևացնել, թե հնարավոր է միաժամանակ լավը լինել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Ռուսական հասարակությունը նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի շփումները Ջոհար Դուդաևի հետ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը Չեչենական առաջին պատերազմին Իչկերիայի կողմից համարում էր Ադրբեջանի՝ որպես ազգ, կայացման և հասունացման ճանապարհի թերություններից։ Անգամ այն ​​փաստը, որ կուսակցական նոմենկլատուրայից ծնված Հեյդար Ալիևը, այլ ոչ թե «Աթաթուրքի զինվոր» Էլչիբեյն էր հանուն Թուրքիայի հետ մերձեցման «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսն առաջ քաշում, կարծես թե չկաշկանդեց ու չզարմացրեց Ռուսաստանին։ .

Սակայն առավել պարադոքսալ են ռուս լսարանին մոլորեցնելու փորձերն այն պատմություններով, որ՝ դե, Ադրբեջանին չպետք է կորցնել, որովհետև նա կարող է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք և Թուրքիա։ Ըստ էության ուղղակի անիմաստ է Ռուսաստանին վախեցնել Բաքվի քաղաքական և տնտեսական վերակողմնորոշմամբ դեպի այլ խաղացողներ, քանի որ դա տեղի է ունեցել դեռևս 1990-ականներին Ալիև ավագի օրոք, ով 1994 թ. 11 նավթային ընկերությունների հետ ստորագրել էր արդյունահանման բաշխման պայմանագիր: Այս համաձայնագրի մասնակիցների մեծ մասը արևմտյան ընկերություններ են։ Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը, որը պայմանագրի կողմ էր, 2000 թ. դուրս եկավ պայմանագրից։ Այսինքն՝ տնտեսապես Բաքվի համար ավելի կարևոր են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, քան հյուսիսային հարևանը։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանը հետաքրքրված չէ և կարիք չունի Ռուսաստանի հետ քիչ թե շատ լուրջ նախագծերի (ԱՊՀ-ն այդպիսիների շարքին չի կարող դասվել)։ Փոխարենը՝ Ադրբեջանի մասնակցությունն ակնհայտորեն հակառուսական ՎՈՒԱՄ-ին բավականին նկատելի էր:

Պակաս հետաքրքիր չէ այն փաստը, որ նույնիսկ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը շարունակեց համագործակցել Թաթարստանի հետ, որը ռուսական էթնոֆեդերալիզմի բաստիոնն է: Ընդ որում, 2020 թ. սեպտեմբերի 18-ին Ալիև կրտսերը շնորհավորել է Ռուստամ Միննիխանովին Թաթարստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ (այժմ նախագահին փոխարինել է ղեկավար եզրույթը, սակայն հանրապետության լրատվամիջոցները դա «չեն նկատել»)։

Հնարավոր է, որ Բաքվի և Կազանյան կրեմլի միջև սերտ կապերի պատճառով էին 2017-2018 թթ. Ադրբեջանում աջակցում թաթար էթնոկրատներին, որոնք ձգտում էին պահպանել թաթարերենի պարտադիր ուսուցումը բոլոր դպրոցականների համար՝ անկախ նրանց ազգությունից։

Այնուամենայնիվ, ընդհուպ 2020 թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Ռուսաստանը փորձում էր համոզել իրեն, որ Ադրբեջանը կընտրի արտաքին քաղաքականության այնպիսի մոդել, որի պարագայում Թուրքիայի հետ եղբայրությունը չի խանգարի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին։ Ցավոք, այդ հույսերը արագ փարատվեցին, քանի որ Ղարաբաղում հաղթանակից անմիջապես հետո ադրբեջանական ժողովուրդը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսեց անհամբեր սպասել այն պահին, երբ բայրաքթարները կսպանեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների «անջատողականներին»:

Սակայն նույնիսկ նման պայմաններում Մոսկվան չհանձնվեց։ Ուստի 2022 թ. փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ ստորագրեց Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Ավաղ, Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո Անդրկովկասի հանրապետության իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցները ագրեսիվ  թշնամական դիրքորոշում որդեգրեցին հյուսիսային հարևանի նկատմամբ, ինչի պատճառով էլ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցների կայքերն արգելափակվեցին Ռուսաստանում:

Հատկանշական է նաև, որ Ադրբեջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը նույնպես գլխավորապես սկսեց աջակցել Կիևին, այլ ոչ թե Մոսկվային, ընդ որում, դրա համար սոցիալական ցանցերի իրենց օգտահաշիվներում սկսեցին նույնիսկ Ուկրաինայի դրոշներ տեղադրել։ Ռուսաստանին աջակցողների թիվը, պարզվեց, քիչ է։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայի դեմ պայքարում են նաև Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիները։

Բայց Ադրբեջանը գոնե պարկեշտության համար չեզոք դիրք գրավելու փոխարեն՝ որոշեց լիովին աջակցել Վլադիմիր Զելենսկու ռեժիմին և Ուկրաինայի ադրբեջանական սփյուռքին։ Բանը հասավ նրան, որ Baku TV հեռուստաալիքին «Կովկաս մուսուլմանական կորպուսի» մասին ռեպորտաժում չկաշկանդեց գրոհայիններից մեկի վրա իչկերական խորհրդանիշներով ասեղնագործությունը (տես՝ Ուկրաինան գրավում է թուրք ազգայնականներին՝ Ռուսաստանի դեմ պայքարում):

Այնուամենայնիվ, մահմեդական ստորաբաժանման PR-ն ի՜նչ է Ադրբեջանի կողմից Ուկրաինա ավիացիոն ռումբերի հնարավոր մատակարարումների մասին տեղեկատվության համեմատ։

Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները փչացնող նախավերջին բանն արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունն էր Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին, որոնք արդյունավետ օգտագործվում են Ուկրաինայում։

Այս տեղեկությունը համընկավ Իրանում հակակառավարական ցույցերի հետ, որոնց ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները սկսեցին ուռճացնել իրանցի ադրբեջանցիների ծանր վիճակի թեման և ամենուրեք քարոզչական արշավ մղել անկախ Հարավային Ադրբեջանի ձևավորման օգտին:

Արդյունքում՝ այժմ ադրբեջանական լրատվամիջոցները միաժամանակ լցվում են հակառուսական, հակաիրանական և հակահայկական քարոզչությամբ։ Սա վկայում է այն մասին, որ Ալիև կրտսերը փաստացի իրականացնում է Հյուսիսային և Հարավային Ադրբեջանների միավորման մասին զառանցող Էլչիբեյի գաղափարները։ Այսինքն՝ Ադրբեջանում իշխանամետ քարոզչությունն իրականում համընկնում է արմատականների՝ «Ռուսները, պարսիկները, հայերը Ադրբեջանի թշնամիներն են» կարգախոսի հետ։

Սովորաբար, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության օգտին վերջին փաստարկները տրանսպորտային հաղորդակցության ու սպառազինության մասին են։ Սակայն վերջերս այս ոլորտներում երկու երկրների միջև անջրպետ է առաջացել, քանի որ Ադրբեջանի համար առաջնայինը ոչ թե Հյուսիս-Հարավ միջանցքն է, այլ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը թույլ կտա շրջանցել Ռուսաստանը Իրանի հետ միասին և ուղիղ կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ:

Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Ադրբեջանը վաղուց վերակողմնորոշվել է դեպի Թուրքիա և Իսրայել։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 25-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման մասին։ Այնպես որ, այս պահին Ռուսաստանին և Ադրբեջանին քիչ բան է կապում: Իսկ Մոսկվա-Բաքու-Անկարա աշխարհաքաղաքական առանցքի հայեցակարգը, որն առաջ էր տարվում մի քանի տարի առաջ, պարզվեց, որ ուտոպիստական ​​է և իրական կյանքին առնչություն չունեցող։

Ինչ վերաբերում է Հայաստանին, վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի միջև նկատելի սառեցում է նկատվում։ Բացի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի շփումներից, վերջերս Հայաստանում արևմտամետ շրջանակները սկսել են պատմական անհեթեթություն քարոզել՝ Մոսկվան և Երևանը տարբեր ուղղություններով վերջնականապես բաժանելու համար։

Այսպես, հայ եվրաատլանտիստները սկսել են պնդել, որ ռուսներն ու թուրքերը, պարզվում է… եղբայրական ժողովուրդներ են։ Այս անհեթեթությունը տարածող սրիկաներն օգտվում են մարդկանց մշակութային մակարդակի անկումից, ովքեր չգիտեն, որ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև առաջին ուղիղ ռազմական բախումը տեղի է ունեցել 1569 թվականին, երբ օսմանյան թուրքերն արշավ են սկսել Աստրախանի դեմ։ Ավելին, Ռուսաստանը հաճախ կռվել է Օսմանյան կայսրության հետ նույնիսկ մինչ նրա հայտնվելը Անդրկովկասում՝ 1676-1681, 1686-1699, 1710-1713, 1735-1739 և 1768-1774 թվականներին:

Ինչ վերաբերում է ժամանակակից իրողություններին, ապա, կորցնելով Ադրբեջանը, Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ գործի Հայաստանում։ Մոսկվա-Բաքու-Անկարա ուտոպիստական ​​առանցքի փոխարեն անհրաժեշտ է իրական քաղաքականությանը համապատասխանող Մոսկվա-Երևան-Թեհրան առանցք։ Համենայն դեպս, նման առանցքի ձևավորման մեջ տրամաբանորեն տեղավորվում են ռուս-իրանական մերձեցումը, Կապանում Իրանի հյուպատոսության բացումը և 2023 թ. իրանական Թավրիզում հյուպատոսություն բացելու՝ Հայաստանի մտադրությունը։

Միևնույն ժամանակ Կիպրոսում դիվանագիտական ​​ներկայացուցչություն բացելու՝ Հայաստանի ծրագրերը չեն հակասում Ռուսաստանի շահերին։ Հայաստանի համար կարևոր է ստանալ Կիպրոսի աջակցությունը, որը շարունակում է խրոնիկ հակամարտություն ունենալ Թուրքիայի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ Կիպրոսը, լինելով ԵՄ անդամ, ներառվել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկում, Երևանի և Նիկոսիայի հարաբերությունների զարգացումն այս պահին այլ նշանակություն կունենա, քան ուներ 2020թ. Ինչո՞ւ… Որովհետև Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը, որոնք Հայաստանի համար պատրանքային այլընտրանքներ են հանդիսանում, տնտեսական կորուստներ կկրեն Ռուսաստանի հետ փետրվարի 24-ին սկսված առճակատումից։

Եվ քանի որ Եվրամիության երկրների բարեկեցությունը հիմնականում ձևավորվել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների շնորհիվ, հայ եվրաատլանտիստների կողմից այդքան սիրելի Ֆրանսիան կդառնա ոչ թե դրախտի անկյուն, այլ սովորական երկիր, որը կորցնում է ազդեցությունը իր նախկին Աֆրիկյան գաղութներում (սա Փարիզի և Մոսկվայի ներկայիս թշնամության պատճառներից մեկն է)։ Իհարկե, Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը տեսականորեն կարող են ինչ-որ բան անել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, բայց պետք չէ նրանց վրա շատ հույս դնել։

Այլ հարց է Հնդկաստանը, որը հիանալի տվյալներ ունի Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին միանալու համար՝ լավ հարաբերություններ բոլոր երեք երկրների հետ և խրոնիկ թշնամություն Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հետ։ Եթե ​​Հայաստանն իսկապես որոշի իր բանակը զինել հնդկական զենքով, ապա սա ավելի խելամիտ քայլ կլինի, քան Ֆրանսիայի վրա հույս դնելը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա այստեղ հարկ է նշել մեկ կարևոր դետալ: Փորձելով իրենց կողմը գրավել ռուս հասարակությանը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հաճախ պատրաստ են աջակցել Ռուսաստանի դիրքորոշմանը հետխորհրդային տարածքում տեղի ունեցող այլ հակամարտությունների առնչությամբ։

Այսպես, 2022 թ. փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունեց Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը։ Հարությունյանի տրամաբանությունն այս դեպքում հասկանալի է. եթե Ռուսաստանը պաշտպանի նախկին Ուկրաինայի ռուս բնակչությանը և դեմ կանգնի ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը, ապա նա կկարողանա ավելի վստահ բանակցել Բաքվի և Անկարայի հետ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով։

Բացի այդ, ԼՂՀ-ի տեսանկյունից տրամաբանական է աջակցել Մոսկվային և ոչ թե Կիևին, քանի որ այս տարիների ընթացքում Ուկրաինան աջակցում էր Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում, իսկ «Աջ սեկտորի կորիզը հանդիսացող    (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) UNA-UNSO զինյալները (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում), 1990-ականների սկզբին կռվել են ղարաբաղահայության դեմ։ Ըստ էության հենց այդ պատճառով նույնիսկ այսօրվա Հայաստանում ռուսական հատուկ գործողությանն աջակցողների տոկոսն ավելի բարձր է, քան Ադրբեջանում։

Այս բոլոր պահերը շատ կարևոր են, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները, ովքեր փորձում էին ռուսներին իրենց կողմը քաշել Ղարաբաղյան հակամարտությունում, որպես կանոն, վճռականորեն պաշտպանում էին Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Այս սկզբունքը Կիպրոսի նկատմամբ չի կիրառվում ադրբեջանցի օրենսդիրների կողմից։ Այսինքն՝ խոսքը ոչ թե օրենքի գերակայության պահպանման, այլ Ռուսաստանի մերժման մասին է։

Այս դեպքում Բաքուն չպետք է վիրավորվի, որ Ռուսաստանը պաշտպանում է ղարաբաղցի հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքը։ Իսկ ինչո՞ւ, հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս ոչ բարեկամական քաղաքականությունը, Մոսկվան պետք է հայկական կրակից շագանակ հանի պաշտոնական Բաքվի համար։

Իսկ թե ինչպես կարելի է թույլ չտալ, որ Ադրբեջանը և Թուրքիան իսլամական խաղաքարտը խաղարկեն Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ, կխոսենք մեկ այլ անգամ։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս