Սեփական ձախողումները ուրիշների վրա բարդելու փնթի արհեստը

Այսօր՝ Նոյեմբերի 9-ի Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, իշխանական շրջանակները ՀՀ նախկին նախագահներին մեղադրում են 44-օրյա պատերազմի օրերին բանակի վրա ոչ մի լումա չծախսելու մեջ՝ նշելով, թե փոխարենն իրենց կաշվից դուրս էին գալիս Հայաստանի և Սփյուռքի գործարարները, ձեռներեցները:

Թե խոսքը Հայաստանի և Սփյուռքի կոնկրետ ո՞ր գործարարների մասին է, որոնց ներդրումը բանակի համար նկատել է Նիկոլ Փաշինյանը և նրա շրջապատը, հայտնի չէ: Երկրորդ՝ նախկին նախագահները իրենց պաշտոնավարման օրոք փորձել են ստեղծել մի բանակ, որը կարողացել է խաղաղություն պարտադրել Ադրբեջանին, որի մասին երեկ դարձյալ ակնարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ նշելով, որ իրենց ճնշել են՝ հրաժարվել ռազմական ճանապարհով Արցախի խնդրի լուծումից, և որ իրենք նախկինում չեն կարողացել օգտագործել իրենց դիվանագիտական կարողությունները լիարժեք: Երրորդ՝ պետությունն է վարում պատերազմը, և առաջին հերթին երկրի ղեկավարն ու գլխավոր հրամանատարն է պարտավոր հոգալ բանակի պատերազմական խնդիրները, այդ թվում՝ մոբիլիզացիոն և թիկունքային հարցերում:

Ամեն դեպքում, մի քանի փաստ հիշեցնենք, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահի հետ կապված:

Ժամանակին Սերժ Սարգսյանի գործուն աջակցությամբ ստեղծված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին մինչև այժմ Երրորդ նախագահը նվիրաբերությունները է անում, և դա կրում է պարբերական բնույթ:

Կարդացեք նաև

Օրերս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նվիրաբերողների ճանաչման հատուկ անվանակարգում ՀՀ երրորդ նախագահը ընդգրկվել է «Վան ոսկի» անվանակարգի նվիրաբերողների ցանկում:

«Լույս» հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ հիմնդրաﬕ խորհուրդը դեռևս 2019թ. որոշում էր կայացրել իրականացնելու Արցախի Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2019թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2023թ. ապրիլին:

Վերականգնման ծրագիրը բաղկացած է երեք փուլից, որի շրջանակներում վանական համալիրում մինչև այժմ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք առ այսօր շարունակվում են:

Ի դեպ, Radar Armenia-ն օրերս ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե Սերժ Սարգսյանը 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում և դրանից հետո որևէ տեսակի ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություն ցուցաբերե՞լ է ԼՂ-ին ու Հայաստանին։ Նաև հետաքրքրվել էին, թե որ գերատեսչությունների հետ է աշխատել նախագահի գրասենյակը, և ինչպիսի առարկայական արդյունքներ են գրանցվել։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են հարցմանը՝ տեղեկացնելով, որ 2018 թվականից սկսած՝ Սերժ Սարգսյանը իր կարգավիճակում ու հնարավորությունների սահմանում շարունակել է անձնական ուշադրության կենտրոնում պահել նաև ԼՂ ՊԲ առաջնահերթ կարիքների բավարարման խնդիրը. «Մինչև անցյալ տարի Երրորդ նախագահը կազմակերպել է զգալի օժանդակության տրամադրում ՊԲ-ին, որն ուղղվել է, մասնավորապես, դիտարկման համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, գիշերային տեսադիտարկման և ջերմատեսիլ նշանոցների ու սարքավորումների ձեռքբերմանը, հակառակորդի խոցման և ճնշման համակարգերի ամրաշինական կառույցների զարգացմանը, նաև տեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը»։

Սերժ Սարգսյանի գրասենյակից լրատվամիջոցին նաև տեղեկացրել են, որ հիշյալ տեղեկությունների վերաբերյալ մանրամասները, թույլատրելիության սահմաններում, կարող է տրամադրել ՊԲ-ն։

Իսկ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ, կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ-ի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա են փոխանցել մի քանի բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ և այլ նյութեր, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ էլ մշտական կապի մեջ են եղել Արցախի և ՀՀ Պաշտպանության նախարարությունների թիկունքի վարչությունների հետ և ըստ անհրաժեշտության մասնակցություն են ունեցել մատակարարումներին և այլ աշխատանքներին:

Radar Armenia-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից նաև պատասխանել էին, որ Սերժ Սարգսյանը 2020-ի պատերազմի առաջին օրերին մեկնել է ԼՂ՝ իր օգնությունն ու փորձը փոխանցելու նպատակով, բայց ԼՂՀ իշխանությունները նպատակահարմար չեն համարել օգտվել նրա աջակցությունից։

«Պաշտոնաթող նախագահն էլ պատերազմի առաջին օրերին մեկնել է Արցախ՝ իր մարտական ընկերների հետ որևէ կերպ մասնակցություն ունենալու, ստեղծված բարդագույն իրավիճակում պատերազմի և բանակցությունների գրագետ վարման համար սեփական փորձը, գիտելիքն ու հմտությունները փոխանցելու, սակայն Արցախի իշխանություններն անխոհեմաբար նպատակահարմար չեն համարել օգտվել առաջարկվող աջակցությունից»:

Այս համատեքստում հարկ է նշել, որ ԼՂՀ իշխանությունները գուցե նաև Նիկոլ Փաշինյանի հրահանգով չեն օգտվել արցախցի փորձառու գեներալների աջակցությունից, թեպետ պատերազմը սկսվելուց հավաքել և խորհրդակցություն էին անցկացրել:

Արցախի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էին նաև Արցախի նախկին նախագահների քաղաքական աջակցությունից: Նիկոլ Փաշինյանն ինքն էր ֆեյսբուքյան գրառումներում նշել, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից, բայց պատերազմը չէր կանգնեցվել: Իսկ ՀՀ երրորդ նախագահը և ՀՀԿ-ն այսօր էլ փորձում են միջազգային հանրությանը հասու դարձնել Արցախի խնդրի էությունը, հայկական շահերը, և, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հ.Գ. Եթե բանակին օժանդակելը պատերազմից հետո խրամատ փորելն է, ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է արել 2016թ. Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո՝ մայիսին, ապա այսօր պետության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ բանակի և պատերազմի պատկերացումների մասին լուրջ հետևություններ պետք է անել՝ հաշվի առնելով այն, որ պատերազմը դեռ ավարտված չէ, անվտանգային և արտաքին լրջագույն մարտահրավերները (իրենց տապալած ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով ձախողված) սրի պես կախված են պետության գլխին:

Տեսանյութեր

Լրահոս