Բաժիններ՝

Մանրամասներ Պեմզաշենում կատարված սահմռկեցուցիչ դեպքից. դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:

«Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը:

Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ:

«Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է»,-նկատեց դատախազն՝ ընդգծելով, որ այս պահին նաև հստակ չէ, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել:

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերներն, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911»,- մանրամասնեց Գուրգեն Գրիգորյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս