Շենքեր, շինություններ առանց թույլտվության քանդելու, ապամոնտաժելու համար կսահմանվի տուգանք

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է շենքերի և շինությունների՝ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու դեպքում կիրառել վարչական պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ Վարչական օրենսգրքով տուգանքի ձևով պատասխանատվություն է սահմանված կառուցապատումը որոշ դեպքերում՝ չիրականացնելու, ինքնակամ իրականացնելու, ժամանակին չավարտելու դեպքերում: «Բայց լինում են դեպքեր, երբ քանդումը, որպես քաղաքաշինական գործունեություն, դուրս է մնում պատասխանատվությունից: Եվ այս նախագծով մենք փորձում ենք նաև քանդման որոշակի դեպքերի առումով սահմանել վարչական պատասխանատվություն»,-ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

Գործող կարգավորմամբ՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար ևս տուգանք է նախատեսվում: Տուգանքի չափը որոշվում է սկզբում՝ շինարարության նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով, իսկ ժամկետում չավարտելու դեպքում՝ 10 տոկոսի չափով:

«Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ տվյալ քաղաքաշինական ծրագիրը նախահաշիվ չի ունենում: Եվ հարց է առաջանում, թե ինչպես որոշել տուգանքի չափը: Այս խնդրից խուսափելու համար առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ նախագիծը նախահաշիվ չունի, տուգանքի չափը որոշվի լիազոր մարմնի կողմից սահմանված խոշորացված ցուցանիշներով»,-ասաց Գրիգորյանը:

Նախագիծը ԱԺ հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո կքննարկվի լիագումար նիստում:

Տեսանյութեր

Լրահոս