Հարություն Մերդինյանը խոստանում է մնալ սպորտում ու շարունակել մարզումները
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը կմնա սպորտում և կշարունակի մարզումները:
Հարությունյան Մերդինյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ուրախ եմ, որ այս տարիքում անգամ կարողանում եմ մասնակցել մրցաշարերի, նվաճել մեդալներ: Բայց առավել ուրախ եմ, որ բացի բրոնզե մեդալից, մենք ունենք նաև ոսկե մեդալ: 39 տարի անց մենք ունենք ոսկե մեդալ: Աշխարհի առաջնությունն իսկապես էմոցիոնալ էր: Այն պահին, երբ Արթուրն ավարտեց ելույթը, հենց տրիբունայից էինք ուզում ցատկել, գրկել նրան: Անկրկնելի պահ էր: Եթե այս տարիքում դեռևս սպորտում եմ, դա իմ ընկերների, իմ մարզիչների շնորհիվ է: Շնորհակալ եմ նաև ֆեդերացիայի նախագահին»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր: