Խրամատները մոտեցնում են Երևանին. սա է իրականությունը. փշալարերն իրենց չեն փրկելու. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր «գավառական ժուլիկությամբ» Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ ու մանրադրամ:

Ըստ նրա, Փաշինյանը գնացել է Բրյուսել՝ ասել է մի բան, գնացել է Մոսկվա՝ մեկ այլ բան, Վաշինգտոն՝ լրիվ մի ուրիշ բան, արդյունքում՝ երկիրը բերել է մի կետի, որ հիմա յուրաքանչյուրն իր «փայն է ուզում, էլ չասած՝ Թուրքիային և Ադրբեջանին ինչ է խոստացել»:

Նրա խոսքով, չի կարելի այսպես արտաքին քաղաքականություն վարել, ինչի արդյունքում պատերազմը դարձրեց անխուսափելի, և խաղաղության կեղծ լոզունգի տակ վերջին երկու տարվա ընթացքում շարունակեցինք զոհեր ու կորուստներ ունենալ, իսկ հիմա էլ երկիրը կանգնած է դրա առջև:

«Մենք այս մարդու գլխավորությամբ ունենալու ենք և՛ նոր կորուստներ, և՛ նոր պատերազմ: Սա՛ է իրականությունը, և այն, որ փորձում են մեր հասարակության մեջ ներշնչել, որ ամեն ինչ վերջացած է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ է, որ այլևս ստեղծված իրավիճակից ելք չկա, իրավիճակից ելք կա, հնարավորություն կա, ամեն ինչ վերջացած չէ, պարզապես Հայաստանին պետք է ազգային իշխանություն, ով կկազմակերպի ժողովրդին, պետությունը, կմոբիլիզացնի հայ ժողովրդի ողջ ներուժը և քայլեր կձեռնարկի այս իրավիճակից դուրս գալու, այլ ոչ թե երկիրը կտանի նոր և հերթական պարտության»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե Ալիևը Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցք-կոմունիկացիայի վերաբերյալ ՀՀ պարտավորություն ասելով՝ ապաշրջափակո՞ւմը, թե՞ մեկ այլ պայմանավորվածություն նկատի ունի, Սաղաթելյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին խոսք չկա:

«Բայց կարծես թե արդեն ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Եթե անընդհատ ասվում է, որ պայմանավորվածություն կա, ուրեմն թող ասի՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը: Իմ մոտ տպավորություն է, որ, այո, կարծես թե այն ժամանակ Նիկոլը դրա բանավոր խոստումը տվել է, և հիմա դա են ուզում: Եթե փաստաթղթին են հղում, այդ փաստաթղթում միջանցք չկա: Բայց անընդհատ ասում են, որ ունենք պայմանավորվածություն: Մենք հենց դրա համար ենք ասում, այս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, նա իր հետ տանում է իր բոլոր պայմանավորվածությունները»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի բառապաշարին, հռետորաբանությանը, Սաղաթելյանն ասաց, որ Ալիևը «լկտիացել է», շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, մեր պետականությանը, որովհետև իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է, որովհետև այս ժողովրդին երկու տարի մոլորեցրել են, կեղծ թեզերով կերակրել, բանակում որևէ գործողություն չեն արել՝ հույսը դնելով «չգիտեմ՝ ում վրա»:

«Այսօր էլ Ալիևը, օգտվելով առիթից, շարունակում է սպառնալիքներով խոսել հայ ժողովրդի հետ: Ձեզ տարրական բան ասեմ, վերցրեք, պետական բյուջեի երեք տարվա պատերազմից հետո կառուցվածքը նայեք, գլխավոր շտաբը 6 ամիս պետ չի ունեցել: Այսինքն՝ բազմաթիվ փորձառու զինվորականներ բանակից հեռացվել են, հետևողականորեն թուլացնում են մեր պաշտպանությունը, հայ զինվորն այսօր զոհվում է չկահավորված խրամատի պատճառով: Սա ի՞նչ է նշանակում: Իսկ Երևանում պատրաստվում են ընտրությունների՝ զբոսայգիներ կառուցելով: Ամեն օր հայտարարում են՝ տնտեսական աճ ունենք, փողի խնդիր չունենք, լավ, եթե փողի խնդիր չունեք, լավ, գերժամանակից, հզոր զենք չենք կարողանում ձեռք բերել, տրակտոր, բահ, քլունգ, ցեմենտ՝ դա էլ չունե՞նք:

Այսինքն՝ հստակ է, որ երկրի պաշտպանությամբ օրվա իշխանությունը չի զբաղվում: Խաղաղության դարաշրջանի անվան տակ երկիրը տանում է նոր կապիտուլյացիայի, դա այլևս փաստ է: Թշնամուն բերել-հասցրել են Ջերմուկ, Վարդենիս, երբ պետք է այս գիտակցությունն ունենանք, խրամատները մոտեցնում են Երևանին»,- ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով ԱԺ պարիսպները փշալարերով պատելու որոշմանը՝ պատգամավորն ասաց, որ սա նշանակում է, որ իրենք հասկանում են՝ երկիրը ուր են տանում, և դա ինչ ցասում է բերելու և ժողովրդի կողմից ինչ զայրույթ:

«Բայց ես վստահեցնում եմ՝ այդ փշալարերն իրենց չի փրկելու, այսինքն՝ եթե երկիրը տանեն նոր կապիտուլյացիայի, իրենց ոչ այդ ոստիկանական զորքերն են փրկելու, ոչ էլ որևէ փշալար, սա պետք է իրենք հասկանան»,- ասաց նա:

Խոսելով, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, Սաղաթելյանն ասաց, որ պարտադրում է փաստաթուղթ ստորագրել ակնհայտորեն Ադրբեջանը, իշխանությունը ինչ–որ դրվագներով փորձում է դիմադրել, բայց ինքն իր քաղաքականությամբ հասցրել է մի իրավիճակի, որ այս պահին ինքը զբաղված է իր իշխանության պաշտպանությամբ:

«Որ աշխարհաքաղաքական կենտրոնն իրենց անվտանգության ինչ երաշխիք կտա, իրենց իշխանությունը պահելու ինչ երաշխիքներ կտան, իրենք ավելի շատ հակված են այդ ուղղությամբ մտածելու»,- ասաց նա՝ շարունակելով, որ չի կարող ասել, թե երբ դա տեղի կունենա, բայց չի էլ կարող վստահեցնել, որ առաջիկա մեկ ամսում նման բան տեղի չի ունենա:

Նրա պնդմամբ, երբ իրենք իշխանությունը պահելու երաշխիքները ստանան, փորձելու են այդ հարցը շատ արագ լուծել:

«Դրա համար, նորից եմ կրկնում, շատ կարևոր է ազգային ուժերի, ընդդիմադիր քաղաքական ուժերի և ժողովրդի պայքարը»,- ասաց նա:

Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ եթե լինի մեկ ուրիշը, որ կկարողանա ավելի լավ կազմակերպել, կգնան, ամեն ինչով կօգնեն, կաջակցեն, բայց եթե այդ մեկը չկա, «տանը նստած մեղադրում են, դա, մեղմ ասած, ազնիվ չէ»:

Անդրադառնալով նախօրեին Դատախազության տարածած հաղորդագրությանը՝ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի առիթով, այդ գործին իր հոր առնչությանը և դրա քաղաքական ենթատեքստին՝ Սաղաթելյանն ասաց, որ վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ շատ ավելի մեծ ծավալներով, ՀՀ ողջ իրավական համակարգն իր, իր ընտանիքի, հարազատների նկատմամբ արել է՝ ինչ կարողացել է:

«Իմ հարազատների շրջապատում քիչ կան մարդիկ, որ հարցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, այո, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղու վրա մեկ այլ դրվագով՝ իբր ցույցերի ժամանակ մարդ ծեծելու համար գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են՝ ինչ կարողացել են: Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, որովհետև դա անհնար է: Այդ գործը ծայրից ծայր շինծու է, այդ մարդիկ, ում անունները որ խոսվում է, ում փորձում են կապել, ինչ-որ բան ստեղծել, որևէ մեղք չունեն այս ամենի հետ:

Օրինակ՝ Արմեն Աշոտյանը իմ ընկերն է, այդ մասին ես հայտարարել եմ 2018 թվականի հունիսի 2-ին, հրապարակային՝ մամուլի համար: Դա այն ժամանակ էր, երբ մարդիկ իրենց ընկերներից, հարազատներից, կուսակցությունից հրաժարվում էին, բայց ես քաղաքական իրադրության փոփոխության պատճառով իմ շրջապատից չեմ հրաժարվել:

Արմեն Աշոտյանի մեղքն այս պատմության մեջ այն է, որ մենք ուսանող տարիների ընկերներ ենք: Ամբողջը շինծու գործ է, շատ մանրամասն առաջիկա օրերին, եթե անհրաժեշտ լինի, կխոսենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հայրն այս գործով կարգավիճակ չունի:

Սաղաթելյանը նշեց, որ անձամբ իրեն ևս այս գործով երկու տարի առաջ հրավիրել են: «Այս գործը 4 տարի է, քննել են ԱԱԾ երկու պետեր, հետո գնացել է ՀՔԾ, հետո՝ վերադարձել է ինչ-որ հիմնարկ, անընդհատ ստիպում են մի բան գտնել, անել, այդ խեղճերն էլ ինչ կարողանում՝ անում են, բայց չի ստացվում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս