Մենք ունենք մոնումենտալ ընդդիմություն, որը կորցրել է հասարակության հետ կապը. Վահե Հովհաննիսյան
«Մեր պետությունը հիմա նստած է վառոդի տակառի վրա, որն ամեն օր կարող է պայթել»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկմանն ասաց խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ երբ ու ոնց կպայթի այդ տակառը, որևէ մեկն ասել չի կարող, բայց փաստն այն է, որ առկա պրոբլեմները չեն լուծվում, մինչդեռ ձեռքերը ծալած նստելու, հանգստանալու որևէ իրավունք չունենք։
Այս առումով նա կարևորում է հայկական գործոնի առկայությունը բանակցություններում, տարածաշրջանում՝ նշեելով, որ այս պահին հայկական գործոն գոյություն չունի:
«Այս պարագայում պետությունը իջել է հայկական տարածքներ ձևակերպման մակարդակի, ինչի պարագայում շարունակելու ենք տարածքներ կորցնել։ Մեզ պետք է հայկական գործոն։ Շատ լավ կլիներ, որ դրա բարձրացման գործում ազդեցություն ունենար իշխանությունը, բայց դրա համար պետք է փոխված լինի իշխանությունը»,- ասաց նա:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ այսօր իշխանությունը զբաղված չէ հայկական գործոնի ձևավորմամբ, իսկ իշխանությունը կազմված է մեկ մարդուց, ուստի հայկական գործոնի ձևավորումն այսօր ոչ իշխանական համակարգի անելիքն է։
«Եթե լուրջ աշխատեցինք, գտանք նոր ֆորմատների շուրջ կոնսենսուս, կգնանք տրամաբանական զարգացումների ուղիով, դա կբերի հայկական գործոնի ուժեղացմանը, ինչն էլ կբերի մեջքները շտկելուն։ Եթե աշխատանք չտարվի, ապա պետք է սպասել ճակատագրի անակնկալներին, թե ոնց կլինեն դրանք, որևէ մեկը չգիտի»,- ասաց բանախոսը։
Վահե Հովհաննիսյանը կարևորեց նաև նոր ընդդիմադիր տրամաբանության ստեղծումը:
«Մենք ունենք մոնումենտալ ընդդիմություն, որը կորցրել է հասարակության հետ կապը»,- եզրափակեց նա՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ընդդիմադիր շարժման մեջ ինտեգրել բոլոր մասնագիտական շերտերին:
Մանրամասները՝ տեսանյութում