Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է
Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացի: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը:
«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը եւ համակարգողն Ադրեջանի քաղաքացի է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ եւ նրանց տեղեկացրել, որ գտնվում է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ էին մտնում նաեւ Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,- գերատեսչության հայտարարությունը հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը:
Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:
Հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: Ավելի ուշ տեղեկատվություն է ստացվել հարձակվողներից մեկի վիրավորվելու եւ ձերբակալվելու մասին: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ մահացել է: Վերջին տվյալների համաձայն՝ գրոհի զոհ է դարձել 15 մարդ, 27-ը վիրավորվել է: